ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Խոսքը վերաբերում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով լուծվելու են ԱԺ Էթիկայի հանձնժողովին վերաբերելի հետևյալ առանցքային հարցերը՝

- ԱԺ էթիկայի հանձնաժողովը դառնալու է գործունյա և գործելու է ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի համար;

- ԱԺ էթիկայի հանձնաժողովը հնարավորություն է ունենալու դիմումներ ընդունել քաղաքացիներից և վարույթներ իրականացնել սեփական նախաձեռնությամբ;

- Վարույթների արդյունքում կայացվելու են որոշումներ կամ ընդունվելու եզրակացություններ, որի հիման վրա էլ պատգամավորների նկատմամբ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ;

- ԱԺ էթիկայի հանձնաժողովը ունենալու է սպասարկող մասնագիտական անձնակազմ՝ քարտուղարության տեսքով, որին օժանդակելու է բարեվարքության հարցերով կազմակերպիչը;

- Ստեղծվելու է ԱԺ պատգամավորների բարեվարքության հարցերով կազմակերպչի ինստիտուտ;

- Պատգամավորական էթիկայի կանոնների խախտումների համար սահմանվելու է պատասխանատվության միջոցների ինստիտուտ;

- Մշակվելու է պատգամավորների վարքագծի կանոնագիրք;

- Սահմանվելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատակարգ։

Օրենսդրական կարգավորումները մշակվել են՝ քննարկելով նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից պատրաստած «Խորհրդարանական բարեվարքություն» և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների բարեվարքությանն առընչվող օրենսդրության քարտեզագրում» զեկույցներում ներառված առաջարկությունները:

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը https://bit.ly/38Z7iP6