Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծն արժանացել է Ազգային ժողովի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն պետք է լինի անկախ մարմին, որի երաշխիքներից մեկը հենց այդ կոմիտեի ղեկավարի նշանակումն է․ կոմիտեի նախագահի թեկնածությունը քննարկելու է հատուկ խորհուրդը, որի 7 անդամներից միայն 2-ն են լինելու քաղաքական իշխանության ներկայացուցիչներ։

Այս կոմիտեի ստեղծումը վարչապետի նշած թալանը հետ բերելու նոր միջո՞ց է․ հարցին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․ «Դա կարող է նաև լինել այդպիսի միջոց, բայց ես ավելի շատ ակնկալում եմ, որ նման մասնագիտացված մարմնի ստեղծման նպատակն այն է, որպեսզի նոր թալան չլինի։ Ինչքան որ թալանը հետ բերելու խնդիր գոյություն ունի Հայաստանում, որը շատ լուրջ խնդիր է, ես չեմ բացառում, նույնիսկ հիմքեր ունեմ ենթադրելու, որ այս մարմինն աշխատելու է նաև նոր թալան թույլ չտալու ուղղությամբ»։

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն արդյո՞ք ուշացած չէ․ հարցին Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․ «Առաջին հայացքից թվում է, թե ինչ-որ չափով ուշացած է, որովհետև, օրինակ, մեր կազմակերպությունն այդպիսի մարմին ստեղծելու մասին վաղուց էր խոսում՝ դեռևս նախկին իշխանությունների օրոք եղել են շատ լուրջ քննարկումներ, առաջարկներ։ Այսինքն՝ նախկինում Հայաստանում ունենալով կոռուպցիայի շատ լուրջ, բարձր մակարդակ, նման մարմնի անհրաժեշտությունը մենք համարում էինք դեռ այն ժամանակ»։

Աղբյուրը՝ http://Mitk.am