«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ դատական համակարգի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով առաջադրվեց դատավորների թվի ավելացման խնդիր։ Ռազմավարության ընդունումից հետո սակայն վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված քաղաքականության հապաղումն առավել ակնառու դարձրեց դատական համակարգում առկա՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտող գործոնները։ Դրանցից կարևորագույնները տարիներ շարունակ քննվող գործերի քանակի աճի միտումն է, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ոտնահարման դրսևորումները։ Ավելին, 2020թ․ հետպատերազմական շրջանում իրավապահ մարմինների և դատական համակարգի միջև ծագած «ոչ իրավական գործընթացները»՝ կապված քրեական հետապնդման միջոցների կիրառման հարցում վերջիններիս կողմից դրսևորած ակնհայտ խտրական մոտեցումների հետ, ուղղակիորեն բացահայտեցին իրավական գործիքակազմը քաղաքականացնելու վտանգավոր դրսևորումները՝ ինչպես իրավապահ մարմինների և դատական իշխանության առանձին ներկայացուցիչների, այնպես էլ խնդրի իրավական կարգավորման համար պատասխանատու իշխանության մյուս ճյուղերի պատասխանատուների կողմից։

Նման պայմաններում ՀՀ արդարադատության նախարարության կողմից 23․12․2020թ․ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման միայն առանձին դատավորներ են քննելու մինչդատական քրեական վարույթի գործերը (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները)։ Նման նախաձեռնությունը քաղաքական և իրավական գործընթացների ներկայիս շրջափուլում անընդունելի է՝ իրավապահ մարմինների և դատական համակարգի գործելաոճի առկա պայմաններում։ Հարկ է նշել, որ մինչդատական քրեական վարույթի գործերն առնչվում են նաև ձերբակալման իրավաչափության վիճարկման, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քննարկմանը։

Քրեադատավարական հարկադրանքի այս միջոցների խտրական կիրառման հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ-ում բարձրաձայնվել է անկախության հռչակումից ի վեր։ Ընդ որում, ինչպես օրենսդրությունը, այնպես էլ դրա կիրառման մեկնաբանությամբ մասնագիտացված բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել են այդ հարցին։ Մասնավորապես շեշտվել է, որ խափանման միջոցները երբևէ չպետք է կիրառել որպես պատժիչ քաղաքականության գործիքակազմ։ Մինչդատական վարույթում, ինչպես նաև դատական քննության փուլում խափանման կոնկրետ միջոցի կիրառությունը բացառապես պետք է հետապնդի կանխարգելիչ նպատակներ, այդ թվում՝ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի վարքագծի պատշաճ դրսևորումն ապահովելու առումով։ Ցավոք, ՀՀ իրավապահ մարմիններն իրենց գործելաոճում շարունակում են արատավոր պրակտիկան և գործերի քննության ժամկետների պատշաճ ապահովման մեխանիզմների փոխարեն շարունակում են անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցների վերաբերյալ իրավական պատշաճ հիմնավորում չունեցող միջնորդություններ ներկայացնելու պրակտիկան։ Անշուշտ, չի կարելի բացառել նաև դատական համակարգի առանձին ներկայացուցիչների կողմից նախաքննական մարմինների հիմնավորված միջնորդությունները մերժելու դեպքերի հնարավորությունը։ Սակայն պետք է փաստել, որ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորներին առանձնացնելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված փոփոխությունների հիմնավորումը, թե դրանով լուծվում է դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու խնդիրը, ընդունելի և վստահելի չէ, քանի որ բացակայում է կայացված դատական ակտերի որևէ ուսումնասիրություն, իսկ օրենսդրական փոփոխության առաջարկը ներկայացվում է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների առանձնացումը պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր, քանի որ նեղանում է այդքան շահարկվող կալանքի միջնորդությունը բավարարող կամ մերժող դատավորների շրջանակը, ինչի պայմաններում վերջիններիս նկատմամբ ազդեցություն կիրառելու հավանականությունն աճում է։

Կարող ենք փաստել, որ հերթական անգամ կառավարող քաղաքական ուժը հանդես է գալիս ոչ թե դատական իշխանության անկախության ապահովման համար անհրաժեշտ համակարգային լուծումներով, այլ հատվածային, իրավիճակային լուծումների նախաձեռնությամբ, որն ավելի է խորացնում դատական իշխանության կախվածությունը քաղաքական գործոններից, ինչը չի կարող նպաստել արդարադատության իրականացմանը, դատարանների հանդեպ հանրային վստահության վերականգնմանը և քաղաքական նպատակահարմարությունից զերծ դատական իշխանության ձևավորմանը։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև արդարադատության իրականացման արդյունավետ գործիքակազմի գործարկումն ապահովող իրավական նախաձեռնություններին տրամաբանական և համակարգային բովանդակություն հաղորդելու, այդ գործընթացների ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատակով՝ կոչ ենք անում․

քննարկել կոնկրետ գործերով նախաքննական և դատախազական հսկողության մարմինների կողմից մինչդատական վարույթում կիրառվող քրեական հետապնդման գործիքակազմի կիրառման արդյունավետության և հիմնավորվածության հիմնախնդիրը, այդ ոլորտում կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ,

վերլուծել դատարանների կողմից կալանքի միջնորդությունները մերժված քրեական գործերով այլ խափանման միջոցների կիրառության կանխարգելիչ ազդեցության արդյունավետությունը,

նախորդ երկու կետերով նախատեսված քայլերն իրականացնելուց հետո միայն որոշում ընդունել մինչդատական քրեական վարույթի գործերը (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները) քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից քննելու նպատակահարմարության վերաբերյալ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ