2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքը:

Հարկ է ընդգծել, որ քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքի դեմ լայնորեն կիրառվում էին նաև միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն արգելված կասետային զինատեսակներ, հատկապես՝ Ստեփանակերտում, ինչի հետևանքով ոչ միայն պատճառվեցին զանգվածային ավերածություններ, այլ նաև՝ բնակավայրերում չպայթած զինամթերք մնաց՝ լրացուցիչ ռիսկեր առաջացնելով քաղաքացիական բնակչության համար: Արցախում կլաստերային զինատեսակների կիրառությունն հաստատվել է նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից:[1] 2020 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերն այրող զինատեսակներ էին կիրառում՝ առաջացնելով մեծամասշտաբ անտառային հրդեհներ և վտանգելով թե՜ մարդկային կյանքը, թե՜ շրջակա միջավայրը: Նախնական տեղեկությունները և արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հրդեհները և վերքերն հավանաբար պատճառվել են սպիտակ ֆոսֆորի կիրառության հետևանքով:[2]

Զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գործած պատերազմական հանցագործությունների ցանկը ներառում է նաև Ադրբեջանի հսկողության տակ հայտնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունը և խոշտանգումը:

Մարդու իրավունքների այդօրինակ աղաղակող խախտումների մի քանի օրինակներ ներկայացված են ստորև:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքում գտնվող իրենց տան մեջ սպանվեցին հաշմանդամություն ունեցող անձը և նրա տարեց մայրը:[3]

2020 թվականի հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսահոլովակներ, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը Հադրութ քաղաքում նվաստացնում և սպանում Հադրութ քաղաքի և Տայք գյուղի երկու բնակիչների։ Նրանց սպանելուց զատ՝ ադրբեջանական զինծառայողները նրանց ձեռնաշղթաներ հագցրած վիճակում սպանել էին՝ փաթաթելով Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներով՝ այդ կերպ նպատակ ունենալով ատելություն ի ցույց դնել հայերի նկատմամբ։ [4]

2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկություններ հրապարակեց ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ զինվորի գլխատելու վերաբերյալ։ [5] Այդ տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը զանգահարել էր տվյալ հայ զինվորի եղբորը և ասել, որ վերջինիս եղբայրն իրենց վերահսկողության ներքո է, իրենք նրան գլխատել են և նրա լուսանկարը տեղադրելու են սոցիալական ցանցում։ Դա արվել էր՝ նպատակ ունենալով ծանր տառապանք պատճառել ընտանիքի անդամներին։ Հետո՝ մի քանի ժամ անց, եղբայրը գտել էր իր սպանված եղբոր լուսանկարը վերջինիս պատկանող սոցիալական ցանցի օգտահաշվում։ [6] Սոցիալական ցանցերում հրապարակվել են Արցախի պաշտպանության բանակի զինվորների գլխատման այլ դեպքեր ևս։ [7]

Տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Տող գյուղ ներթափանցած դիվերսիոն խումբը սպանել էր երկու քաղաքացիական անձանց՝ գլխատելով մեկին և կրակելով սպանելով մյուսին։ [8] Եթե անձին գլխատել են կենդանի վիճակում, ապա դա նույնպես կյանքի իրավունքի և խոշտանգման արգելքի խախտում է։ Բացի դրանից, գլխատելու և լուսանկարը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստը նաև ծանր տառապանք է պատճառել տվյալ անձանց ընտանիքի անդամներին։

2020 թվականի հոկտեմբերի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեց մեկ այլ տեսանյութ, որում պնդում էին, որ ներկայացված են ըստ երևույթին դիտավորությամբ սպանված՝ Արցախի պաշտպանության բանակի գերեվարված զինծառայողներ։ Տեսանյութում երևում էին Արցախի պաշտպանության բանակի առնվազն 19 զինծառայողների մարմիններ, նրանցից ոմանք՝ ձեռնաշղթաներով, մյուսները՝ մերկ։ Զինծառայողներից ոմանց մարմինների գլուխներին տոպրակներ էին հագցված, իսկ ձեռքերը կապված էին մեջքի ետևում [9]։ Տեսանյութի գեոլոկացիան Կովսականում (Զանգելան) էր, որը վերցված էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ [10]

Հրապարակայնորեն առկա տեղեկությունների համաձայն՝ առնվազն 3 քաղաքացիական անձ էր հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Քաղաքացիական անձանցից մեկը՝ 85-ամյա Է.Բ.-ն, տեղափոխվել էր Հայաստան 2020 թվականի հոկտեմբերի 29 -ին, [11] իսկ մյուս անձի՝ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող 84-ամյա Մ.Մ.-ի մահվան փաստն արձանագրվել էր 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։ [12] 2020 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ 84-ամյա Մ.Մ.-ի վերադարձված դիակի հերձման նախնական արդյունքների համաձայն՝ մահը վրա է հասել բռնության հետևանքով՝ ուղեղի տրավմայի պատճառով։ [13] Ավելին, 85-ամյա Է.Բ.-ն իր ցուցմունքում նշել էր ադրբեջանական իշխանությունների հսկողության տակ գտնվելու ընթացքում կիրառված դաժան և անմարդկային վերաբերմունքի դեպքերի մասին։ Կինը պատմել էր նաև, որ ոստիկանության բաժնում եղել են ազգությամբ հայ երկու քաղաքացիական անձինք, և որ ավելի ուշ ոստիկաններն իրեն հայտնել էին, որ այդ անձանց սպանել են։ [14]

2020 թվականի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական «Կանալ 1» լրատվական ալիքը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի զինվորականներն Արցախի պաշտպանության բանակի համազգեստ կրող ութ անձանց հրամայում ասել «Ղարաբաղ-Ադրբեջան»։ Նրանցից մեկը կանգնած էր թեքված վիճակում՝ ցավի մեջ լինելու ակնհայտ նշաններով։ [15] Ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած մեկ այլ տեսանյութում մի խումբ հայ զինվորների հրամայում էին ծնկաչոք լինել՝ ձեռքերը գլուխների ետևում, և բարձրաձայն արտաբերել «Ղարաբաղ-Ադրբեջան»։ Սոցիալական ցանցերում տեղադրված ևս մեկ տեսանյութում երևում էր Արցախի պաշտպանության բանակի զինվոր՝ ադրբեջանական զինվորականների վերահսկողության ներքո, ովքեր ոտքերով հարվածներ էին հասցնում նրա գլխին և հրամայում, որ հայհոյի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այդ կերպ փորձելով նվաստացնել երկրի ղեկավարին և տվյալ անձին։ Տեսանյութում ակնհայտորեն երևում էր, որ զինվորը ցավի և սթրեսային վիճակի մեջ է։ [16]

2020 թվականի նոյեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից բռնված սիրիացի վարձկանն իր ցուցմունքում հայտնել էր, որ իրեն խոստացել են ամսական 2,000 ԱՄՆ դոլար Արցախում կռվելու համար, ինչպես նաև 100 ԱՄՆ դոլարի «պարգևավճար» «կաֆիրի» (անհավատի) գլխատված գլխի դիմաց։ [17]

2020 թվականի նոյեմբերի 18-ին տեսանյութ հայտնվեց սոցիալական ցանցերում, որում երևում էր, թե ինչպես է մի տարեց մարդ անմարդկային վերաբերմունքի ենթարկվում ադրբեջանական զինծառայողների կողմից։ Ավելի ուշ՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Արցախի մարդու իրավունքների պաշտպանն հայտարարեց, որ այդ անձը Շուշիի բնակիչ 80-ամյա Ջ. Տ.-ն է, ով չէր հասցրել հեռանալ Շուշիից և հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։ [18]

2020 թվականի նոյեմբերի 22-ին շոկային տեսանյութ հայտնվեց սոցիալական ցանցերում, որում երևում էր, թե ինչպես է հայ քաղաքացիական անձը մերկ վիճակում կենդանի գլխատվում ադրբեջանական զինծառայողների կողմից։ Անձին կենդանի գլխատելու փաստն ակնհայտ է, քանի որ գլխատված գլխի զգայարանների գործառույթները դեռևս շարունակում էին ակտիվ մնալ։ [19]

2020 թվականի նոյեմբերի 23-ին մեկ այլ տեսանյութ հայտնվեց սոցիալական ցանցերում, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայ զինվորները նվաստացվում։ Մասնավորապես, նրանց թվում էր Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Է. Խ.-ն։ Տեսանյութում երևացող մյուս հայ զինվորների ինքնությունը դեռևս չի պարզվել։ [20] (տե՜ս հավելվածը)

2020 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակայնորեն առկա տեղեկությունների համաձայն՝ ինքնությունն հաստատված ռազմագերների թիվը գերազանցում է 60-ը։ Նախնական տվյալների համաձայն՝ ադրբեջանական վերահսկողության տակ են ավելի քան 100 հայ ռազմագերիներ։ [21]

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն, պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և ազատությունից զրկված այլ անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում։

Այս առումով մենք խորը մտահոգությամբ և ափսոսանքով ենք նշում, որ թե՜ Հայաստանի Հանրապետության կառավարության, թե՜ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած պաշտոնական տեղեկությունների համաձայն [23], և չնայած հարյուրավոր ընտանիքների կողմից ներկայացված անմիջական խնդրանքներին, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմագերները դեռևս չեն փոխանակվել և/կամ վերադարձվել։ Ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տասնյակ աճյուններ չեն վերադարձվում իրենց ընտանիքներին՝ հնարավոր չդարձնելով կրոնական ծեսերին համապատասխան նրանց թաղումը։ Նմանապես, մահվան իրական վտանգի մեջ են հարյուրավոր քաղաքացիական անձինք և զինվորականներ, ովքեր հնարավոր է թաքնված են Արցախի Հադրութի շրջանի անտառներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների, ինչպես նաև աճյունների խեղման տեսանյութերը և լուսանկարները, որոնք շրջանառում են սոցիալական ցանցերում, խորացնում են ընտանիքների անդամների անհանգստությունը և տագնապը՝ կապված իրենց հարազատների գտնվելու վայրի և վերադարձի հնարավորության հետ։ Ավելին, պետության հովանավորությամբ տեղի ունեցող ռասայական խտրականությունը և ատելությունը, որը լայնորեն կիրառվել է ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ հայերի դեմ, [24] հիմնավորում է հայաստանյան և միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված կենդանի կամ մահացած վիճակում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ցանկացած հայի խոշտանգելու, սպանելու և խեղելու բարձր հավանականության առկայության հետ։

Միջազգային հանրությունը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները պետք է հրատապ կարգով ուշադրության արժանացնեն տվյալ իրավիճակը և ադրբեջանական իշխանությունների ստեղծած խոչընդոտները, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկեն դրանց առնչությամբ՝ իրապես ցույց տալով, որ պատրաստ են պաշտպանել և երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեքներին։

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարգալից կոչով դիմում ենք Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով երաշխավորված հիմնական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ և հորդորի ադրբեջանական իշխանություններին չխոչընդոտել ռազմագերների փոխանակումը, ինչպես նաև՝ միջազգային կառույցների ներգրավմամբ անվտանգ միջանցք բացել իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գտնվող քաղաքացիական և այլ անձանց համար, վերադարձնել զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները և դադարեցնել ռազմագերիների և այլ անձանց կյանքը և ֆիզիկական անձեռնմխելիությունն անմիջական վտանգի ենթարկող բոլոր գործողությունները։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Centre De La Protection Internationale» – Հայաստան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա»
«Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա»
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Հավելված. ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սպանությունների և դաժան և անմարդկային վերաբերմունքի զոհերի լուսանկարները

[1] Human Rights Watch, Azerbaijan: Cluster Munitions used in Nagorno-Karabakh, 23 October 2020,
https://www.hrw.org/news/2020/10/23/azerbaijan-cluster-munitions-used-nagorno-karabakh?fbclid=IwAR1izxbCrYsT8JyVNhH3Nsfqv8M1idsFg01qAu8OnXWfi9g3uVTLKdyxgnI

[2] France 24: Nagorno-Karabakh: Armenia accuses Azerbaijan of using phosphorus bombs,
https://www.france24.com/en/europe/20201119-nagorno-karabakh-ceasefire-armenia-accuses-azerbaijan-of-using-phosphorus-bombs, Medium, Satellite imagery shows environmental damage of reported use in Nagorno-Karabakh, https://medium.com/dfrlab/satellite-imagery-shows-environmental-damage-of-reported-white-phosphorus-use-in-nagorno-karabakh-9826391a295

[3] Լրացուցիչ տեղեկությունների համար տե՜ս «Updated edition of the second interim report on the ադրբեջանական atrocities against the Artsakh population in September-October 2020», Արցախի մարդու իրավունքների պաշտպան, առկա է հետևյալ հղումով.
https://artsakhombuds.am/en/document/735?fbclid=IwAR3Tg_nv4k48sGSWzbU7wQ8Fgrt9Nqc5TYpEr_sw6miPZTfkHwR8b2SPAuQ ; Artsakh Ombudsperson’s Official Twitter account, https://twitter.com/Artak_Beglaryan/status/1315581056075128832?s=20

[4] Լրացուցիչ տեղեկությունների համար, տեղանքների հաստատմամբ և այլ տեղեկություններով հանդերձ, տե՜ս “An execution in Hadrut-Karabakh”, Bellingcat, առկա է հետևյալ հղումով.
https://www.bellingcat.com/news/rest-of-world/2020/10/15/an-execution-in-hadrut-karabakh/?fbclid=IwAR0rtIchQzDgSDSC7lkvLMxEiIUzRSgG5F-Fv0pxEd68s4GPFS1v7z7wD6Q;
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ տեղադրված ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, https://www.facebook.com/Armenianombudsman

[5] Լրացուցիչ տեղեկությունների համար տե՜ս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջի լրատվության բաժինը, առկա է հետևյալ հղումով.
https://ombuds.am/en_us/site/ViewNews/1337

[6] Լրացուցիչ տեղեկությունների համար տե՜ս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական անձնական օգտահաշվում տեղադրված պոստը.
https://www.facebook.com/photo/?fbid=733479247251283&set=a.363684047564140;

[7] Տե՜ս Արցախի մարդու իրավունքների պաշտպան, «Updated edition of the second interim report on the ադրբեջանական atrocities against the Artsakh population in September-October 2020», էջ 27,
https://artsakhombuds.am/en/document/735

[8] Լրագրող Չակ Հոլթոն, ականատեսի հարցազրույցի տեսագրությունը,
https://www.facebook.com/Chuckholton/posts/10160500653406038

[9] https://twitter.com/Artak_Beglaryan/status/1322290987377610752?s=20

[10] Բանջամին Ստրիք, Twitter-ում,
https://twitter.com/BenDoBrown/status/1322200787141971971?s=20

[11] Տե՜ս Կարմիր խաչի միջազգային կոմիտե, «Nagorno-Karabakh Conflict: ICRC facilitates transfer of combatants killed in action»,
https://www.icrc.org/en/document/nagorno-karabakh-conflict-icrc-facilitates-transfer-combatants-killed-action?fbclid=IwAR0XAPKFkUaSBU5HTi9usi3i5c_EDJ54A8U7Uds4fL5ezgjNvvhJRUQJQNI

[12] Տե՜ս հետևյալ հղումներով.
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/821966775305918;
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=742153696383838&id=100017676420633

[13] https://www.azatutyun.am/a/30932177.html

[14] Տե՜ս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե,
http://investigative.am/news/view/tarec-knoj-harcaqnnutyun.html

[15]https://www.youtube.com/watch?v=ftHHS7gUSu0&feature=youtu.be&fbclid=IwAR1Ca9eb7uyo0FN2O1Thd3W9ndZ6En4IMAGlkCSJwDQONGa_XSs_qLARhyg

[16] https://twitter.com/KarabakhRecords/status/1319203595368226818

[17] «Reward of $100 dollars for each beheaded infidel: Testimony of captured Syrian mercenary in Artsakh»,
https://greekcitytimes.com/2020/11/06/syrian-artsakh-armenian/?fbclid=IwAR39hzClcepl2-k12z2h6_RUj6Vm0smywCYnS2RDr4xZMli5ef2OmRz5O6M, https://horizonweekly.ca/am/reward-of-100-dollars-for-each-beheaded-infidel-testimony-of-captured-syrian-mercenary-in-artsakh/?fbclid=IwAR0cAUe4IUPydgSRbm6PGxCEda6-ojprX38OPf_JJKH1NaOQp9jSkHmWAXQ;

[18] Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում,
https://www.facebook.com/100000847389707/videos/3730458263659050/

[19]https://t.me/karabah_news/4335?fbclid=IwAR2X0fCKrLZbQyZpzmrwFT5dnAOtskrtS5xOeG9kD9MePvRLM-F9DNfzU2A

[20] Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի պաշտոնական օգտահաշիվը Twitter-ում,
https://twitter.com/Artak_Beglaryan/status/1330936149347536900

[21] «Ազատություն», https://fb.watch/1Z8aJG_1A4/

[22] Տե՜ս Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը
https://www.primeminister.am/en/press-release/item/2020/11/10/Announcement/

[23] Azatutyun.am, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ ռազմագերիների փոխանակումը դեռևս չի սկսվել,
https://www.azatutyun.am/a/30957015.html?fbclid=IwAR2TkORaRnQTZ6l5G5110BW0-HZvFlcMQPi4VqDl2ulMmSimH84Qnqs-CIc

[24] Տե՜ս Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի («ECRI») Մշտադիտարկման հինգերորդ շրջափուլի զեկույցն Ադրբեջանի մասին, 7-ը հունիսի, 2016 թ.,
https://rm.coe.int/fourth-report-on-azerbaijan/16808b5581