Գլխավոր էջ Նորություններ Հայտարարություն ՀՀ վարչապետի մոտ 30․11․2020թ․ իրավապահ համակարգի ներկայացուցիչների, դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ
Նորություններ
2020 Դեկ
1

Հայտարարություն ՀՀ վարչապետի մոտ 30․11․2020թ․ իրավապահ համակարգի ներկայացուցիչների, դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու այլ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) տնօրենը, ոստիկանության պետը, արդարադատության նախարարը, Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, քննչական կոմիտեի նախագահը, բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) անդամներ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն, վերաքննիչ վարչական դատարանի նախագահը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները։ Մասնավորապես՝  Ազգային ժողովի նախագահի դեմ իրականացված հարձակման դեպքով հարուցված քրեական գործի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման մանրամասները ներկայացրել են գլխավոր դատախազը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը: Հաղորդագրության համաձայն՝ առարկայական քննարկում է տեղի ունեցել նաև դատական համակարգի գործունեության վերաբերյալ։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մոտ նման ձևաչափով և օրակարգով քննարկումները խիստ անընդունելի են՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իշխանության տարանջատման, դատական իշխանության անկախության սկզբունքների խախտման, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների հիմքով։ Մասնավորապես․

ՀՀ սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում և պաշտոնանկ է արվում Ազգային Ժողովի կողմից։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: ՀՀ սահմանադրությամբ և իրավական որևէ այլ ակտով նախատեսված չէ գործադիր իշխանության ղեկավարի հանդեպ գլխավոր դատախազի հաշվետվողականության իրավակարգավորում, ուստի քննարկվող խորհրդակցության ընթացքում գլխավոր դատախազի կողմից քրեական գործերով նախաքննության տվյալների ներկայացումը իրավական անթույլատրելի վարքագիծ է և հակասում է վերջինիս սահմանադրական կարգավիճակին։

ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ ՀՀ սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատարանների գործունեությանը որևէ միջամտություն արգելված է։ Սույն հոդվածից ուղղակիորեն բխում է, որ վարչապետի հրավիրած խորհրդակցության օրակարգով կոնկրետ քրեական գործերի քննարկմանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը խաթարում է դատական իշխանության անկախությունը, քանզի կոնկրետ քրեական գործերով նախաքննության մանրամասների քննարկումը գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությամբ կաշկանդում է դատական իշխանության գործառույթային անկախության սկզբունքը։ Բացի այդ, ներկայացվող տեղեկատվությունը դատավորների մոտ կարող է ձևավորել կանխակալ վերաբերմունք հետագայում այդ քրեական գործերի դատաքննության ընթացքում ապացույցների օբյեկտիվ գնահատման տեսանկյունից։ Հիշյալ հանգամանքներով պայմանավորված՝ ԲԴԽ անդամների և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերոնշյալ խորհրդակցությունը սահմանադրության ոգու և տառի ոտնահարման դրսևորում է՝ ևˊ հրավիրողի ևˊ մասնակիցների  կողմից։

Նման օրակարգով խորհրդակցությանը օրենսդիր և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է իշխանության բարձրագույն մարմինների կողմից պետական ինստիտուտների գործառույթների էության  չգիտակցման, պետական կառավարման համակարգի կազմակերպման և գործունեության վերաբերյալ նախատեսված սահմանադրաիրավական կարգավորումների անտեսման մասին։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված կոչ ենք անում պետական իշխանության բոլոր մարմիններին գործել իրենց սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան և կասկածի տակ չդնել պետական ինստիտուտների գործունակությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

 «Ժուռնալիստների «ԱՍՊԱՐԵԶ» ակումբ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ