2020թ. օգոստոսի 27-ին Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ մինչև սեպտեմբերի 11-ը հանրության ներկայացուցիչները կարող են ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ: Սակայն նույն օրը, առանց հանրային քննարկման ժամկետի ավարտին սպասելու, նշված նախագծերն ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:

Հետքի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նկատեց, որ օրենք հեղինակող կառույցը թերացել է։ Տեսականորեն, եթե առաջարկվում են փոփոխություններ, որոնք արտակարգ իրավիճակից են բխում և շտապ որոշումներ են պահանջում, կարելի է ըմբռնումով մոտենալ: Սակայն առաջանում է հակասություն, եթե Ազգային ժողովը երկու շաբաթ անդ ընդունի ՀՀ կառավարության կողմից «շտապ» ընդունված նախագիծը: Այդուհանդերձ, հասարակությունը ժամանակ ունի իր դիտողություններն ու առաջարկներն անելու ՀՀ Ազգային ժողովին:

Ս.Այվազյանը համարում է, որ հանրային քննարկումը չավարտած՝ որոշում ընդունելու թերացումը օրինագծի հեղինակ կառույցներինն է, որոնք մինչև հարցը Կառավարության նիստին ներկայացնելը պետք է երկշաբաթյա ժամկետում հանրային քննարկում կազմակերպեն, դիտողություններ և առաջարկներ հավաքեն։ Նա նաև նշեց, որ վերջին ժամանակներում նկատվում է իրավական ակտերի նախագծերը հանրային պատշաճ քննարկման չներկայացնելու միտում: Հատկապես կորոնավիրուսի պայմաններում պետական կառույցները հանրությունից որոշակիորեն «մեկուսացել են»։

Հետք Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնց նախագծերը դեռևս հանրային քննարկման փուլում են