Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դադարեցրեց ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը՝ հիմնավորելով, որ նա 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի:

Մինչդեռ 2007թ․-ի և 2012թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայրապետյանը ՀՀԿ համամասնական և մեծամասնական ցուցակով պատգամավոր է առաջադրվել և ընտրվել: NewArmenia.am-ի հարցման հիմքով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչպե՞ս է 2003թ․-ից Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Ռուբեն Հայրապետյանը ոստիկանության տված փաստաթղթով Հայաստանում պատգամավոր դարձել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը։ Ծառայողական ուսումնասիրությունը, սակայն, մեղավորներ չի հայտնաբերել: Հայրապետյանի փաստաթղթերն էլ Ազգային արխիվում «չեն հայտնաբերվել»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Ազգային արխիվում փաստաթղթերի բացակայությունը լուրջ հետաքննության կարիք ունի, քանի որ հնարավոր է՝ այդ փաստաթղթերը միտումնավոր ոչնչացվել են կամ արխիվ չեն էլ ուղարկվել: «Ոչնչացումը կարող է տեղի ունեցած լինել 2018թ․-ի հեղափոխությունից հետո: Չեմ զարմանա, եթե շատ այլ այդպիսի փաստեր էլ անհայտացած լինեն: Հնարավոր է՝ այն ժամանակ ոստիկանությունից չեն էլ ուղարկել արխիվ»,- ասել է ԹԻՀԿ փորձագետը՝ հավելելով, թե կամ ոստիկանությունը, կամ արխիվը պետք է պատասխանատվություն կրեն: «Տարօրինակ է, որ Հայրապետյանի՝ 2007թ․-ի ընտրությունների փաստաթղթերը կան, իսկ 2012թ․-ինը՝ չկան»,-նկատել է նա:

Հոկտանյանի խոսքով՝ խնդիրը նաև օրենսդրական է, քանի որ օրենքով պատասխանատվությունը դրված է քաղաքացու վրա և հիմնված նրա բարի կամքի վրա, որ ինքը պիտի ոստիկանությանը ասի՝ այլ երկրի քաղաքացի՞ է, թե՞ ոչ: «Սա մոտավորապես նույն իրավիճակն է, ինչը տարիներ շարունակ բացահայտել ենք, երբ մեր կազմակերպությունը իրականացնում էր ընտրությունների հետ կապված տարբեր մոնիտորինգային դիտորդական ծրագրեր: Հայտնաբերում էինք մեծ թվով՝ բնակչության 80-90 տոկոսի չափով ընտրողներ, ինչը բավականին տարօրինակ մեծ թիվ էր: Բնակչության պետական ռեգիստրում Հայաստանից մեկնածների կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների անունները չէին հանվում»,- նշել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ NewArmenia.am