2020 թվականկի հուլիսի 1-ից օգոստոսի 7-ը անցկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցը։

Առցանց դպրոցի շրջանակներում շուրջ մեկ ամիս ՀՀ տարբեր մարզերից 18-30 տարեկան 25 երիտասարդներ փորձառու դասընթացավարների առաջնորդությամբ (հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ) գիտելիքներ են ստացել կոռուպցիայի, դրա դրդապատճառների և տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների վերաբերյալ, ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությանը, միջազգային պարտավորություններին, դրանց իրականացման գործընթացներին և այլ արդիական թեմաների։

Դպրոցի ավարտին մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով հանդես են եկել հակակոռուպցիոն փոքր ծրագրերի առաջարկներով, որոնց ներառել են ինչպես մոնիտորինգային, այնպես էլ հանրային իրազեկման ծրագրեր։ Առաջիկա 3 ամիսների ընթացքում ԹԻՀԿ օժանդակությամբ դպրոցի շրջանավարտները կյանքի կկոչեն իրենց նախաձեռնությունները և դրանով էլ ավելի կամրապնդեն և կտարածեն դպրոցում ստացված գիտելիքները։ ԹԻՀԿ-ի նպատակն է նպաստել բարեվարքության և ժողովդրավարական արժեքներին հավատարիմ երիտասարդության ձևավորմանը՝ հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի։

Դպրոցի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։

Հակակոռուպցիոն դպրոցը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում։