ԹՂԹԱՊԱՆԱԿ № 1 (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆ

1.3 ԷԴԳԱՐ ԷԴՈՒԱՐԴԻ ՇԱԹԻՐՅԱՆ (առաջադրված ՀՀ կառավարության կողմից)

1.3.1 Նախկին վարքագիծը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Էդգար Շաթիրյանը 2015 թ. հունիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։ Պաշտոնավարումը հետագայում երկարաձգվել է և ավարտվել 2019 նոյեմբերի 19-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմամբ։

2019թ․ նոյեմբերի 19-ին Էդգար Շաթիրյանը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներից միակը, ով առաջադրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, ինչը շատերի կողմից դիտվել է որպես դրական քայլ՝ նշված կառույցների ինստիտուցիոնալ շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։ է․Շաթիրյանն, «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ, ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 96 կողմ և 6 դեմ ձայներով ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։

Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 26-ին գումարած նիստին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԿԿՀ նախագահի թեկնածու են ինքնաառաջադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշել են նախագահ ընտրել Հ․Հարությունյանին։ Չընտրվելով հանձնաժողովի նախագահի պաշտոնին՝ Է․Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել՝ այդ մասին առաջինը հայտարարություն տարածելով իր ֆեյսբուքյան էջում, չնայած որ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 147-ի համաձայն ԱԺ կողմից ընտրված պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պետք է պաշտոնապես ներկայացվեր ԱԺ նախագահին, որն այդ մասին պետք է հանդես գար հայտարարությամբ։

Է․Շաթիրյանը ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում իր հրաժարականը հիմնավորել է հանձնաժողովի անդամների վստահության բացակայությամբ՝ թեև նա հանձնաժողովի անդամների մյուս թեկնածուների համեմատ ստացել էր ԱԺ պատգամավորների առավելագույն «կողմ» ձայները։[2] Անհասկանալի է մնացել, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության կողմից նրան նախապես տրվել էին նախագահի պաշտոն ստանալու խոստումներ կամ արվել էին համապատասխան ակնարկներ, որոնք չիրականացվելը Է.Շաթիրյանին ստիպել է ընդունել ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից իրեն վստահված պաշտոնից հրաժարվելու մասին որոշում: Բոլոր դեպքերում, անկախ պատճառներից, Է․Շաթիրյանի տվյալ վարքագիծը հանրության մոտ ձևավորել է որոշակի ընկալումներ ՀՀ Ազգային ժողովի ու հանրության, ինչպես նաև օրենսդրության պահանջների նկատմամբ անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքի առումով։[3]

Ինչպես և առաջարկվել է նախկինում՝ բարեվարքության ստուգման շրջանակներում ԿԿՀ-ին առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի աջակցությամբ քննության առարկա դարձնել ակադեմիական բարեվարքության՝ գիտական աստիճանի շնորհման գործընթացի օրինականության հարցը:

  1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  2. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

[1] Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը է. Շաթիրյանին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու մասին, 13․06․2015, https://www.president.am/hy/decrees/item/1995

[2] Ազատություն ռադիոկայան, «Էդգար Շաթիրյանը պնդում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու պատճառը նախագահ չընտրվելը չէ», 27․11․2019, https://www.azatutyun.am/a/30295416.html , IRAVABAN.NET, «Էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը տեղեկացել է ֆեյսբուքյան ստատուսից», 02․12․2019, https://iravaban.net/247634.html, Հայկական Ժամանակ, «Էդգար Շաթիրյանն իր հրաժարականի որոշման մասին խմբակցությանը նախապես տեղյակ չի պահել. Լիլիթ Մակունց», 27․11․2019, https://www.armtimes.com/hy/article/174815

[3] Առաջին լրատվական, «Իշխանությունը խորհելու տեղ ունի. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ աղմուկը մտահոգիչ է», 27․11․2019, https://www.1in.am/2664455.html, ArmDaily.am ,«Որևէ մեկը, չեմ կարծում, որ իրեն խոսք էր տվել նախագահի պաշտոնը. պատգամավորը՝ Շաթիրյանի հրաժարականի մասին», 26․11․2019, http://armdaily.am/?p=71460&l=am%2F, InfoPort, «Գրեթե վստահ եմ` Շաթիրյանը հրաժարական տվեց, քանի որ ինքը չէր ընտրվել հանձնաժողովի նախագահ. Զոհրաբյան», 27․11․2019, https://infoport.am/am/news/politics/grete-vstah-em-shatiryany-hrazharakan-tvec-qani-or-inqy-cher-yntrvel-handznazhoghovi-nakhagah-zohrabyan