Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․

  • փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,
  • խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ,
  • չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների,
  • ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.

  • ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,
  • անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,
  • ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

Հայտարարությունը բաց է միանալու համար

  1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  2. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  3. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  4. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  5. Հանրային լրագրության ակումբ
  6. «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
  7. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  8. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
  9. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  10. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  11. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  12. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  13. «Վելես» իրավապաշտպան ՀԿ