Սույն թվականի հուլիսի 24-ին «Zoom» հարթակում կայացել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած առցանց հանրային քննարկումը սահմանադրական բարեփոխումների շուրջ, որի ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքները և այլ մանրամասներ։

Ի թիվս քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների, քննարկմանը նաև մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որը, անդրադառնալով հանձնաժողովի կողմից ներկայացված մի շարք խնդիրների, նաև հնչեցրել է հարցեր՝ կապված կառավարման մոդելի ընտրության, վճռաբեկ դատարանի և սահմանադրական դատարանի միավորման մասին տեսակետի և այլ խնդիրների հետ։

«Ինչպիսի՞ հայեցակարգային հիմնավորումներ եք ներկայացնում առ այն, որ մենք պետք է ունենանք պառլամենտական կառավարման համակարգ այն պարագայում, երբ չունենք կայացած կուսակցություններ և, հաշվի առնելով այն, որ պառլամենտական կառավարման համակարգը կարող է լուրջ խոչընդոտներ ներկայացնել անվտանգության տեսանկյունից», - նշել է Հայկ Մարտիրոսյանը։

Խոսելով վճռաբեկ և սահմանադրական դատարանների միավորման մոտեցման մասին՝ ԹԻՀԿ փորձագետը նշել է, որ դա ռադիկալ քայլ է և դրա համար նույնպես պետք է ներկայացվեն համոզիչ հիմնավորումներ։

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է Factor TV-ի ֆեյսբուքյան էջում։