Ամփոփվել են հանրային քննարկումները «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացված համայնքների 2018-2019թթ․ բյուջեների մոնիտորինգի զեկույցների վերաբերյալ։ Ստեփանավան և Ամասիա համայնքների բյուջեների մոնիտորինգի զեկույցների քննարկումը տեղի է ունեցել համապատասխան համայնքապետարաններում, իսկ մյուս 5 համայնքների պարագայում (Վայք, Աբովյան, Սիսիան, Ապարան, Վարդենիս) քննարկումները կազմակերպվել են առցանց։ Քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի և ՀԿ ներկայացուցիչներ։

Քննարկումները տեղի են ունեցել հունիսի 29-ից մինչև հուլիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։

«Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագիրն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է բարելավել ՏԻՄ-երի հաշվետվողականությունը տեղական բյուջեի ծախսերի մասով, ինչպես նաև խրախուսել համայնքային քաղաքականության և բյուջեի մշակման ու իրականացման մասնակցային գործընթացը:

Ծրագրի ընթացքում ուսումնասիրության առարկա հանդիսացել են 2018-2019թթ․ բյուջեները հետևյալ համայնքներում՝

  • Սյունիքի մարզ, Սիսիան բազմաբնակավայր համայնք,
  • Կոտայքի մարզ, Աբովյան միաբնակավայր համայնք,
  • Լոռու մարզ, Ստեփանավան բազմաբնակավայր համայնք,
  • Գեղարքունիքի մարզ, Վարդենիս բազմաբնակավայր համայնք,
  • Շիրակի մարզ, Ամասիա բազմաբնակավայր համայնք,
  • Արագածոտնի մարզ, Ապարան բազմաբնակավայր համայնք,
  • Վայոց Ձորի մարզ, Վայք բազմաբնակավայր համայնք։

Համայնքում դիտորդները ուսումնասիրել են համայնքային բյուջեի մշակման, ծախսման, վերահսկողության և գնահատման գործընթացները։

Հանրային քննարկումների նպատակն էր ներկայացնել համայնքների 2018-2019 թթ․ բյուջեների մոնիտորինգի զեկույցները, ինչպես նաև քննարկել դիտարկման բացահայտումներն ու բյուջետավարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները։

Թիրախային համայնքներում դիտարկման զեկույցների հիման վրա ծրագրային թիմի կողմից կպատրաստվի ամփոփիչ զեկույց, որը կներկայացվի ավելի լայն շրջանակի շահառուների, ներառյալ ՀՀ կառավարության, համապատասխան նախարարությունների և միջազգային ու տեղական կազմակերպությունների քննարկմանը։