Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Infocom»-ի հետ զրուցել է պետական գնումների ոլորտում բողոքների քննության համակարգի մասին։ Մասնավորապես, անդրադառնալով ֆինանսների նախարարության կողմից այս տարվա փետրվարին շրջանառության մեջ դրված նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից, Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ԹԻՀԿ-ն կողմ է, որպեսզի արտադատական համակարգը պահպանվի։

«Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են», - նշել է Հոկտանյանը։

Իսկ թե ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանով է արդյունավետ գնումների վերաբերյալ բողոքների քննությունը, ԹԻՀԿ փորձագետը նշել է, որ սա նույնպես կարող է խնդիր դառնալ։ «Խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան», - նկատել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ Infocom.am