«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել:

Հեռուստաընկերությունը նշել է, որ նյութի աղբյուր է հանդիսանում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանունպատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ՀՌԿԿ – Հայաստանի կողմից իրականացված Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունը, սակայն զեկույցում տեղ գտած գրեթե ողջ տեղեյատվությունը կապ չունի հեռուստաընկերության ներկայացրած տվյալների հետ։

Խնդրին ծավալուն անդրադարձ է կատարել Fip.am փաստերի ստուգման հարթակը, որը կապ է հաստատել նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի և ՀՌԿԿ-Հայաստանի զարգացման տնօրեն Հեղինե Մանասյանի հետ, որոնք փաստել են, որ հետազոտության բովանդակությունը և առանձին մասեր խեղաթյուրվել և մանիպուլացվել են «5-րդ ալիքի» տեսանյութում։

Իրականում նշված հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ արդյունքները հրապարակվել են փետրվարին: Հետազոտության նպատակ է եղել պարզել հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ: Այնինչ «5-րդ ալիքի» ռեպորտաժում խորագրից բացակայում է կոռուպցիա բառը, և ցույց է տրվում, որ հարցումների արդյունքները հրապարակվել են մայիսի 21-ին՝ փետրվարի 21-ի փոխարեն: Բացի այդ, հաշվի առնելով, որ հարցումներն իրականացվել էին 2019-ին վերջին ամիսներին, քաղաքացիները չէին կարող իրենց կարծիքը հայտնել կորոնավիրուսի ընթացքում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

«5-րդ ալիքը» փաստացի մոլորեցրել է հեռուստադիտողներին՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Մասնավորապես, հեռուստաընկերության՝ վերը նշված ռեպորտաժում նշվել է, որ «Հարցվածներից մոտ 40 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը»։ Իրականում՝ հետազոտության արդյունքներով միայն 25.9 տոկոսն է գործազրկությունը համարում Հայաստանի լրջագույն խնդիրը:

«Կոռուպցիան արմատախիլ անելու, կոռումպացվածներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան»,- նշվում է ռեպորտաժում՝ ավելացնելով, որ 2019 թվականին այդպես էր կարծում հարցվածների 40 տոկոսը:

Իրականում՝ հարցվածների 65 տոկոսն է միայն կոռուպցիան համարում լուրջ խնդիր Հայաստանում, ընդ որում՝ 36.5 տոկոսը այն համարում է շատ լուրջ խնդիր, իսկ 28.3 տոկոսը՝ բավականին լուրջ:

Հարկ է նշել, որ բուն հետազոտության շրջանակում կատարվել է հարցում, որը վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների օրոք կոռուպցիայի տարածվածությանը: «5-րդ ալիքը» չի ներկայացրել այդ հարցի արդյունքները, որում հարցվածների մոտ 84 տոկոսը նշել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան համատարած էր և առկա էր բոլոր ոլորտներում, իսկ ներկայիս իշխանությունների օրոք այդպես է կարծում միայն 4.4 տոկոսը:

Սկզբնաղբյուրը՝ Fip.am փաստերի ստուգման հարթակ