Հունիսի 29-ին և 30-ին Ստեփանավան և Ամասիա համայնքներում տեղի են ունեցել հանրային քննարկումներ «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացված համայնքների 2018-2019թթ․ բյուջեների մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ։

«Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագիրն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը տեղական բյուջեի ծախսերի մասով, ինչպես նաև խրախուսել համայնքային քաղաքականության և բյուջեի մշակման ու իրականացման մասնակցային գործընթացը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի 7 մարզերի 7 համայնքներում, այդ թվում՝ Ստեփանավանում և Ամասիայում, իրականացվել է համայնքային բյուջեի մոնիտորինգ։ Դիտորդներն ուսումնասիրել են համայնքային բյուջեի մշակման, ծախսման, վերահսկողության և գնահատման գործընթացները։

Միջոցառումը նպատակ է ունեցել ներկայացնել Ստեփանավան ու Ամասիա համայնքների 2018-2019 թթ․ բյուջեների մոնիտորինգի զեկույցները, ինչպես նաև քննարկել դիտարկման բացահայտումներն ու բյուջետավարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները։