Կարևորելով նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով կատարվող պետական գնումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը` 2020թ. ապրիլի սկզբին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախաձեռնել է նշված նպատակով իրականացված գնումների մասնակի մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվել է ամփոփ տեղեկագիր՝ ներառելով ս.թ. մարտի 12-ից մինչև հունիսի 26-ը իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

Մոնիտորինգի առարկա են հանդիսացել մինչև արտակարգ դրության ավարտը մեկ անձից գնման և հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերով ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված և իրականացվելիք այն գնումները, որոնցով այդ մարմինները և կազմակերպությունները ձեռք են բերել կամ բերելու են COVID-19 համավարակի կանխմանը և հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութեր, դեղամիջոցներ, իրեր կամ սարքավորումներ:

Միայն նշված ընթացակարգերով իրականացված և իրականացվելիք գնումները որպես մոնիտորինգի առարկա ընտրելը հիմնված է այն շատ հավանական ենթադրության վրա, որ համավարակի պայմաններում այն հաղթահարելուն ուղղված ձեռքբերումներն իրականացվում են հենց այդ ընթացակարգերով և այլ ընթացակարգերի կիրառումն այս պայմաններում շատ սահմանափակ է և շատ քիչ ծավալներ է կազմում:

ԹԻՀԿ-ն նախատեսում է, որ տեղեկագրի հաջորդ թողարկումը կընդգրկի ս.թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մեկ անձից և մեկ անձից հրատապ գնումների մոնիտորինգի արդյունքները, եթե արտակարգ դրության ռեժիմը վերացվի հուլիսի 13-ին: Արտակարգ դրության ռեժիմը ևս 30 օրով երկարացվելու դեպքում տեղեկագրի հաջորդ թողարկումը կներառի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածը: Տեղեկագրի վերջին և ամփոփիչ թողարկումը կլինի արտակարգ դրությունը վերացնելուց հետո:

Գնումների մոնիտորինգն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Հայաստանի հանրային կառույցների կողմից կատարվող գնումների պրակտիկայի բարելավմանն ուղղված մոնիտորինգ և ջատագովություն» ծրագրի շրջանակներում։

Մոնիտորինգի ամփոփ տեղեկագիրը և հարակից նյութերը հասանելի են ԹԻՀԿ կայքում։