Հունիսի 24-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել քննարկում աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որը ներկայացված հայեցակարգի շուրջ ներկայացրել է մի շարք դիտարկումներ։

ԹԻՀԿ փորձագետի կարծիքով հայեցակարգի նախագիծն ամբողջությամբ չի ներկայացնում աշխատանքային հարաբերությունների դաշտում առկա խնդիրները և ըստ այդմ էլ կոչվում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ, մինչդեռ աշխատանքային հարաբերությունների համակարգային, արմատական և ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտ է փաստաթուղթը վերանվանել «Աշխատանքային հարաբերությունների բարեփոխման հայեցակարգ», որի շրջանակներում պետք է բարձրացվեն և կարգավորվեն չգրանցված աշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքի արդյունավետության գնահատման չափորոշիչների սահմանման հիմնախնդիրը, ինչպես նաև այլ հիմնարար հարցեր։

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ չգրանցված աշխատողների մասով հիմնախնդիրն այն է, որ գործնականում չգրանցված աշխատողները բացի այն որ իրազեկվածության պակաս ունեն իրենց իրավունքների վերաբերյալ, կա նաև դրանք պաշտպանելու միջոցների սահմանափակ հնարավորություն։

«Կարևոր արձանագրում պետք է համարել այն հանգամանքը, որ նշված փաստաթղթում որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի լուծման վերաբերյալ առաջարկվող իրավակարգավորումներն ամբողջական չեն և ամրագրում են ֆրագմենտալ իրավադրույթներ, քանզի հետևանքների առումով առավել բացասական են աշխատողի համար», - նշել է Մարտիրոսյանը։

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում։