Հունիսի 20-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված առցանց քննարկում Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ վերջին զարգացումների թեմայով, որին մասնակցել է նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որն անդրադառնալով խնդրին, նշել է, որ շինարարության ոլորտն առհասարական ամենակոռումպացված ոլորտներից է աշխարհում և նույն իրավիճակն է նաև Հայաստանում։

«Մենք բոլորս գիտենք, թե ինչպես են տեղի ունեցել Հյուսիսային պողոտայի, գլխավոր պողոտայի կառուցապատումները, թե ինչպիսի ցանց է գործել, սկսած ընկերությունների, գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի, կառավարության, նախագահի՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և դատարանների մասնակցությունից», - նշել է Այվազյանը։

ԹԻՀԿ գործադիր տնօրենի կարծիքով նաև այս պատճառով է, որ հեղափոխությունից հետո մի շարք կազմակերպություններ պարբերաբար պնդում էին և դեռևս շարունակում են պնդել, որ շատ կարևոր է քաղաքական գնահատական տալ անցյալում կատարվածին, որպեսզի վստահ լինենք, որ անցյալն իր գործընթացներով չի վերադառնալու։

Այվազյանի կարծիքով՝ հիմա տեղի է ունենում այն, ինչից իրենք վախենում էին և կարելի է պնդել, որ ըստ էության, քաղաքաշինության ոլորտում որևէ բան չի փոխվել բացի մեկ-երկու դեմքերից։ «Միգուցե Նարեկ Սարգսյանը փոխարինվել է Արթուր Մեսչյանով, կամ քաղաքապետն է փոխվել, կամ հիմա կառավարությունն է սկսել դրանով զբաղվել՝ քաղաքապետարանին դուրս մղելով շատ անհասկանալի պատճառներով, և ամենակարևորը՝ նույնն են կառուցապատողները՝ տխրահռչակ «Գլենդել հիլզը», որը ներգրավված է եղել և՛ ունեզրկման գործընթացներում, և՛ առհասարակ կասկածելի ընկերություն է», - ընդգծել է Այվազյանը՝ պնդելով, որ այս պահին օրինականության որևէ ապացույց չկա․ տարածքի, գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության մեկ-երկու որոշումից բացի չկան կամ առվնազն հասանելի չեն այն փաստաթղերը, որոնց հիման վրա պետք է իրականացվեր կառուցապատումը։

«Կարծում եմ՝ սա ուղղակի փորձություն է կառավարության համար, հերթական փորձաքարը․ նրանք պետք է, պարզապես օգտագործելով այս առիթը, վերահաստատեն հակակոռուպցիոն իրենց արժեքները և իրենց գործողությունները», - նկատել է ԹԻՀԿ գործադիր տնօրենը։ Ըստ Այվազյանի՝ սա շատ լուրջ խնդիր է և հերթական ինդիկատորն է, նաև Ամուլսարի հետ զուգահեռ անցկացնելով, որ կառավարությունն առհասարակ պետք է վերանայի այն պրոցեսները, որով առաջնորդվում է և այն գործարքները, որոնց գնում է։

ԹԻՀԿ գործադիր տնօրենը կասկած է հայտնել, որ կառուցապատման համար առկա են բոլոր պատշաճ փաստաթղթերը նաև այն պատճառով, որ, օրինակ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կամ քաղաքաշինական փորձաքննության տեսանկյունից այնտեղ պետք է արվեին հանրային լսումներ, սակայն դրանց մասին ոչինչ հայտնի չէ։

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում։