Հունիսի 15-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկում վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի շուրջ։

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված։ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ անկախ բողոքի առկայությունից շինարարությունն ինքնաբերաբար չի կասեցվի։

Քննարկման բանախոսների թվում է եղել ԹԻՀԿ իրավական հարեցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որը մատնանշել է առաջարկվող օրենքի նախագծում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝

  • Նախագիծը համակարգային ձևով չի լուծում քաղաքաշինության բնագավառում ներդրողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքների կատարելագործման խնդիրը, քանի որ միայն վարչադատավարական նորմերի փոփոխությամբ շինարարական նորմատիվները չեն հստակեցվում և տպավորություն է ստեղծվում, թե ըստ կառավարության առաջարկի՝ ոլորտի իրավակարգավորման դաշտում դրանք կապված չեն միմյանց հետ։
  • Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, փորձաքննությունների դաշտում առկա խնդիրները, հատկապես ժամկետների ձգձգման մասով, կարող են հանգեցնել իրավիճակի, երբ շինարարությունն ավարտվի, որից հետո շինթույլտվությունը ճանաչվի անվավեր։
  • Փաստաթուղթը չի բխում նաև ներդրողների շահերից, քանի որ հատկապես բազմաբնակարան շինարարություններում բնակարանները վաճառվում են նույնիսկ մինչև շինարարության փաստացի մեկնարկը և հետագայում դատական ակտով վարչական ակտի անվավեր ճանաչումը ուղիղ իմաստով ներդրողի շահերի ոտնահարում է։ Եվ այս ամենը հետևանք է մի երևույթի, որը ցավոք նախկինի շարունակությունն է, երբ պետական համակարգի մի օղակը առաջարկում է իրավակարգավորում մյուս համակարգից անջատ, որի կարգավորման և կառավարման ոլորտը սակայն տվյալ հարցում ուղիղ առնչվում է վերջինիս հետ։

ԹԻՀԿ փորձագետի ներկայացրած առաջարկը մեկն է՝ նախագիծը հանել շրջանառությունից, քաղաքաշինության դաշտը, նորմատիվները ենթարկել մանրակրկիտ և հստակ իրավակարգավորումների, կազմակերպել համակողմանի հանրային քննարկում, որից հետո փաստաթղթերի փաթեթային լուծում առաջարկել։

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում։