Արցախի Հանրապետությունում (ԱՀ) 2020թ․ մարտի 31-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ուսումնասիրություն:

Այս նպատակով իրականացվել է ինչպե՛ս առնչվող փաստաթղթերի գրասենյակային հետազոտություն, այնպե՛ս էլ՝ դիտորդական առաքելության շրջանակում ներգրավված երկարաժամկետ դիտորդների կողմից հավաքագրված տվյալների ուսումնասիրություն ու համեմատական վերլուծություն։

Ուսումնասիրության հիմնական խնդիրները եղել են հետևյալը՝

  • գնահատել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման օրինավորությունը և համապատասխանությունը միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված նորմերին․
  • գնահատել ԱՀ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսական մուտքերն ու ելքերը և դրանց թափանցիկությունը․
  • բացահայտել նախընտրական քարոզարշավի ընթացքում ձևավորված նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի աղբյուրները, ինչպես նաև՝ հիմնադրամների շրջանակում և դրանցից դուրս իրականացված ծախսերի ծավալները.
  • գնահատել երրորդ անձանց կողմից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հնարավորությունները և դրանց առնչվող խնդիրները․
  • գնահատել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը․
  • բացահայտել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման առումով ԱՀ օրենսդրության բացերը և ներկայացնել առաջարկություններ քարոզարշավի ֆինանսավորման օրենսդրական և վարքագծային փոփոխությունների վերաբերյալ։

Մեծապես կարևորելով նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման օրինավորությունը, ինչպես նաև ընտրական գործընթացի պատշաճ որակը, արդար մրցակցությունն ու ազատ կամարտահայտումը երաշխավորելու նպատակով ուսումնասիրության մեջ ներկայացվել են մի շարք առաջարկություններ։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։