Լույս է տեսել 2020թ․-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության կողմից արցախյան «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացված երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության գործընթացն ու արդյունքները ներկայացնող ամփոփիչ զեկույցը։

Իրականացված երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության նպատակը եղել է ընտրությունների վերաբերյալ համապարփակ և համակարգված տեղեկատվության հավաքագրումն ու անաչառ գնահատականի տրամադրումը: Առաքելությունը գնահատել է նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների համապատասխանությունը ԱՀ ընտրական օրենսդրությանը և ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաև ընտրական գործընթացների հնարավոր ռիսկերը ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու տեսանկյունից։ Առաքելության 16 երկարաժամկետ դիտորդներ 2020թ.-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նախընտրական և հետընտրական գործընթացները ԱՀ ողջ տարածքում։

Ընտրական գործընթացների ժողովրդավարացման, թափանցիկության և արդարության բարելավման նպատակով զեկույցն առաջարկում է ԱՀ ընտրական օրենսդրության մեջ, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման պրակտիկայում ու մոտեցումներում կատարել մի շարք փոփոխություններ՝ միտված ընտրությունների վարչարարությանը, նախընտրական քարոզչությանը, վարչական ռեսուրսին և քարոզչության ֆինանսավորմանն առնչվող խնդիրների լուծմանը։

Ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։

Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թուֆենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Ականատես» նախաձեռնության անդամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրված դրամաշնորհների միջոցով:

Սույն հաշվետվության, ինչպես նաև դիտորդական առաքելության շրջանակում հրապարակած այլ նյութերի բովանդակության համար պատասխանատու են «Ականատես» նախաձեռնության անդամ կազմակերպությունները և դրանք չեն արտացոլում դրամաշնորհատուների պաշտոնական տեսակետները: