«Փաստինֆո»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար տարակուսանք է հայտնել, թե ինչու առ այսօր քրեական գործ չի հարուցվում ծխախոտի մաքսանենգության սկանդալային բացահայտումների առնչությամբ։

Վերջերս մամուլում լուրեր էին հրապարակվել, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Դրանից հետո նույնպիսի խմբաքանակ հայտնաբերվեց Վորոնեժում, որը Ռուսաստան էր արտահանվել տնտեսական ապրանքների անվան տակ, երրորդ խմբաքանակի մասին էլ հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ըստ որի այն Վրաստանի տարածքով փորձ է արվել տեղափոխել Աբխազիա։

Առաջին-երկու խմբաքանակների հայտնաբերման աղմուկից հետո դատախազությունը հայտարարեց, որ հանձնարարել է ոստիկանությանը նյութեր նախապատրաստել։ Սակայն հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Ես չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում, դա ինձ համար հանելուկ է։ Միգուցե այն պատճառով, որ չի ֆիքսվում՝ ում նկատմամբ քրեական գործ հարուցվի»,- մեկնաբանելով ոստիկանության որոշումը ասել է Վարուժան Հոկտանյանը՝ ավելացնելով. «Ամեն դեպքում, պետք է ճշտել՝ Ռուսաստանի Դաշնությունում քրեական գործ հարուցվել է՞, թե ոչ, որովհետև առաջին հերթին տվյալ պարագայում խախտվել են Ռուսաստանի Դաշնության ներքին օրենքները։ Անհրաժեշտ է, որպեսզի ծխախոտի մաքսանենգության բոլոր երեք գործերով հետաքննություն իրականացվի, որովհետև միայն այդ հետաքննության արդյունքում կճշտվի արդյո՞ք հայաստանյան կողմի պաշտոնատար անձինք մեղավորություն ունեն և ինչո՞ւմ են նրանք մեղավոր»։

Անդրադառնալով իբր ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող զենքի առևտրի մասին Միքայել Մինասյանի արած հայտարարություններին՝ ԹԻՀԿ փորձագետը նշել է. «Ես հակված չեմ Միքայել Մինասյանի խոհանոցային զրույցները որպես Ավետարան կամ վերին ճշմարտություն դիտարկել։ Ես ունեմ շատ հիմնավոր կասկածներ, որ այդ ամենը եղել է նաև Միքայել Մինասյանի աներոջ կառավարման ժամանակ և, հենց այդ պատճառով է, որ նա այդքան հմտորեն և մանրամասնությամբ նկարագրում է զենքի առևտրի ողջ մեխանիզմը, որովհետև զենքի ապօրինի առևտուրն այնքան էլ նորահայտ երևույթ չէ։ Խնդիրն այն է՝ ի՞նչ է հիմա տեղի ունենում, արդյո՞ք սա շարունակվում է նոր իշխանությունների օրոք, թե ոչ։ Սա հասկանալու համար միայն Մինասյանի խոսքերով չպետք է առաջնորդվել»-, նշել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուր՝ «Փաստինֆո»