Հետախուզման մեջ գտնվող և ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքների, նրա հետ փոխկապակցված անձանց ունեցվածքների վրա դրված կալանքի մասին խոսելիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ոչ միայն Միքայել Մինասյանի, այլև նախկին իշխանության շատ ներկայացուցիչների մարտավարությունն է եղել ունեցվածքը ուրիշի անունով գրանցելը:

ԹԻՀԿ փորձագետի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հաջողություններ կլինեն, եթե բացահայտումներն ընտրովի չարվեն: Վարուժան Հոկտանյանը կասկած չունի, որ Միքայել Մինասյանը ապօրինի հարստացած նախկին առանցքային պաշտոնյաներից է, բայց և շեշտում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Ես բնականաբար կասկած չունեմ, որ Մինասյանն էլ մասնակցել է էն թալանին, որ եղել է նախկինում, բայց որքանո՞վ այս ամենն ուղղորդված կլինի նրանց դեմ, որոնք հիմա ընդդիմախոս են իշխանություններին. սա է ինձ համար ավելի կարևորը, որովհետև պետք է ավելի երակարաժամկետ կտրվածքով նայել։ Այսինքն՝ ո՞րն է սրա նպատակը. իսկապես հակակոռուպցիոն լուրջ պայքար մղելը, թե՞ լռեցնելը ընդդիմախոսներին», - եզրափակել է Վարուժան Հոկտանյանը։

Սկզնբաղբյուրը՝ Factor.am