Lragir.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով դատական համակարգում վեթինգ չիրականացվելուն, նշել է՝ ռիսկ կա, որ համակարգի բոլոր խնդիրները մնալու են՝ կկայացվեն իշխանությունների համար հաճելի քաղաքական դատավճիռներ, և այդ ծառայությունը մատուցելու վարձը կլինի նրանց կոռուպցիայի վրա աչք փակելը:

Դժբախտաբար, մեզ մոտ միշտ գործադիրը փորձել է իշխել դատական համակարգի վրա և սահմանափակել անկախությունը: Հոկտանյանի համար քաղաքական փորձաքարը սա է՝ քաղաքական ու թելադրված դատավաճիռներ լինելո՞ւ են, թե ոչ, և եթե թելադրվելու են, սպասենք նաև կոռուպցիայի: Այդ դեպքում ոչ մի վեթինգ էլ չի աշխատի:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեցին հետ կանգնել վեթինգ իրականացնելու գաղափարից, իշխանությունները որպես հիմնական փաստարկ են բերում այն, որ անհրաժեշտ կադրերի ռեզերվ չկա՝ գործող դատավորներին փախարինելու համար: Ըստ Հոկտանյանի՝ եթե դա իսկապես խնդիր էր և չկա «մաքուր» թեկնածուների ռեզերվ, ուրեմն դեռ 2018 թ. մայիսից այդ մասին պետք է անկեղծ ասեին՝ ստիպված ենք այս ճանապարհով գնալ՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ: Իսկ այս ճանապարհը չի երաշխավորում, որ կմաքրվի դատական համակարգը:

Սկզբնաղբյուրը՝ Lragir.am