«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը «Մեդիալաբի» հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում սպասվող դատաիրավական բարեփոխումներին և, մասնավորապես, դատավորների բարեվարքության ստուգմանը և վեթինգին առնչվող հարցերի։

Ելնելով վերջին զարգացումներից՝ Հայկ Մարտիրոսյանն արձանագրել է, որ գործող դատական համակարգը, ըստ էության, չի անցնելու վեթինգ։ «Ի դեպ, այդ բառը մի տեսակ շատ օգտագործվեց, և դրա բուն բովանդակությունը կորավ, բայց դրա իմաստը հենց այն է, որ կապված երկրում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների հետ, որոնք հեղափոխական տրամադրություններ են ձևավորում այս կամ այն համակարգը բարելավելու ուղղությամբ, պետք է նաև բարելավվի այդ համակարգերի արդյունավետությունը։ Վեթինգն ինքնանպատակ չպետք է կիրառվեր։ Դրա հիմնական նպատակը դատական համակարգի արդյունավետության, հանրության մոտ դրա հեղինակության բարձրացումն էր, վեթինգը նաև հեղինակազրկված, քաղաքականացված դատավորների դուրսբերումն էր այդ համակարգից», նշել է Մարտիրոսյանը։

ԹԻՀԿ փորձագետի կարծիքով միայն վեթինգն ի վիճակի չէ լուծելու դատական համակարգի խնդիրները, թեև ամենակարևորներից է։ Հաջորդը դատական համակարգի անկախության ապահովումն է, որից Դատական օրենսգիրքը հետքայլ է կատարել։ «Այսինքն՝ նախատեսվել է մի դրույթ, որի համաձայն ստեղծվելու է դատավորների գնահատման հանձնաժողով, որի կազմում դատավորներ ու հասարակական կազմի ներկայացուցիչներ են լինելու, և նրանք գնահատելու են դատավորին։ Իսկ գնահատման չափորոշիչների մեջ ներառված է դատական ակտի հիմնավորվածության ստուգումը։

Սա ուղղակի նոնսենս է․ չի թույլատրվում ուղղակի, դատական համակարգի կառուցվածքի մեջ աշխարհում նման բան չկա, որ դատավորի կայացրած դատական ակտը, բացի վերադաս դատարանից, ստուգի նաև այլ մարմին։ Այս գործընթացով դատավորի կախվածություն է ստեղծվում, քանի որ այդ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնել, ինչն էլ կարող է դատավորին կախվածության մեջ գցել։ Սա քաղաքական որոշակի վերահսկողություն է դատական համակարգի նկատմամբ, ինչն անթույլատրելի է»։ պնդել է Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է «Մեդիալաբի» կայքում։