Կորոնավիրուսի համավարակի նման բռնկումները սովորաբար թույլ են տալիս ավելի լավ տեսնել մեր առողջապահական համակարգերում առկա ճաքերը, ընդգծելով կոռուպցիայի պոտենցիալ ռիսկերն ու հնարավորությունները, որոնք կարող են խանգարել համավարակի դեմ արդյունավետ արձագանքի կազմակերպմանը։

Նույնիսկ ոչ արտակարգ պայմաններում առողջապահության ոլորտում առկա կոռուպցիան աշխարհում հանգեցնում է տարեկան ավելի քանի 500 մլրդ դոլարի կորստի։

Կոռուպցիոն ռիսկեր

Դժբախտաբար կոռուպցիան հաճախ ծաղկում է ճգնաժամերի ընթացքում, մասնավորապես այն ժամանակ, երբ առկա են թույլ ինստիտուտներ և վերահսկողություն, իսկ հանրային վստահության մակարդակը ցածր է։

Մենք արդեն տեսել ենք առողջապահության ոլորտում նախկինում գրանցված գլոբալ արտակարգ իրավիճակներից, ինչպիսին էին Էբոլա վիրուսը և «խոզի գրիպը», որ ճգնաժամային իրավիճակներում կան մարդիկ, որոնց նպատակն է շահ ստանալ մյուսների դժբախտությունից։ Նման կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը նախքան դրանց իրականություն դառնալը կարող է հզորացնել մեր համատեղ արձագանքը ճգնաժամին և կարող է առողջապահական խնամքը հասանելի դարձնել նրանց, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։

Առողջապահական համակարգերում դեղորայքի գնումները սովորաբար կոռուպցիայի առումով ամենախոցելի ոլորտներից են։ Ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԹՀՊԳ), ամոբղջ աշխարհում գնումների վրա ծախսվող գումարների 10-25%-ը վատնվում է կոռուպցիայի պատճառով։ Ամբողջ Եվրոպական միության առողջապահական ոլորտում առկա կոռուպցիոն դեպքերի 28%-ը առնչվում են բժշկական սարքավորումների գնումների հետ։ Եվ այս ամենը գրանցվում է «նորմալ», ոչ ճգնաժամային ժամանակներում։

Գների արհեստական ուռճացման կանխում

Ամբողջ աշխարհում երկրները նշում են կորոնավիրուսի պատճառով առաջացած բժշկական սարքավորումների և անհրաժեշտ պարագաների սղության մասին։ Սա լրացուցիչ ճնշում է գնումների արդեն իսկ փխրուն գործընթացների վրա և մեծացնում է ռիսկն առ այն, որ մատակարար ընկերությունները, իմանալով, որ կառավարությունները այլընտրանք չունեն, կարող են փորձել գումարներ շորթել կառավարություններից՝ մատակարարման դիմաց բարձր գներ պահանջելով։

Բաց և թափանցիկ գնումների գործընթացները կարող են օգնել մեղմացնել այս ռիսկերը։ Երբ մատակարար ընկերությունը «թաքնվելու» հնարավորություն չի ունենում, դա այլևս նրան հնարավորություն չի ընձեռում արհեստականորեն ուռճացնել մատակարարման ենթակա ապրանքների գները։

Սկզբնաղբյուր․ հոդվածն ամբողջությամբ հասանելի է Թրանսփարենսի Ինթերնեշնել համաշխարհային կազմակերպության կայքէջում։