Սույն հրապարակման մեջ ներկայացված են ՀՀ արդարադատության նախարարության մասով 2020 թ. պետական բյուջեի նախագծում ներառված միջոցառումների և նրանց արդյունքների չափորոշիչների վերլուծությունը, այդ վերլուծության արդյունքում մշակված ԹԻՀԿ-ի առաջարկությունները, ինչպես նաև արդեն ընդունված բյուջեում այդ առաջարկությունների առկայությունը կամ բացակայությունը: Բացի դրանից, ներկայացված է նախարարության մասով 2019 թ. պետական բյուջեի առաջին ինը ամիսների կատարողականի վերլուծությունը միջոցառումների կատարման և արդյունքի չափորոշիչների համատեքստում:

2019 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» աջակցությամբ ուսումնասիրել է ծրագրային բյուջետավորման պրակտիկայի ներդրումը ՀՀ արդարադատության նախարարությունում: Հարկ է նշել, որ դեռևս նախորդ նմանատիպ ծրագրի («Հայաստանի հանրային ֆինանսների համակարգի բաղադրիչների 2017-2019թթ. մոնիտորինգ»[1]) շրջանակներում վերլուծության էին ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարության մասով 2019թ. պետական բյուջեի արդյունքի չափորոշիչները, և այս ծրագիրն ինչ-որ չափով հանդիսացավ նախորդ ծրագրի այդ բաղադրիչի շարունակությունը:

Ինչպես և նախորդ՝ վերը նշված ծրագրի դեպքում, այս ուսումնասիրությունը նույնպես ելնում է այն համոզմունքից, որ ծրագրային բյուջետավորման շնորհիվ կունենանք հանրության և պետության նպատակներին ծառայող և միջոցներն ավելի արդյունավետ օգտագործող պետական բյուջե: Այս ծրագրի ընդհանուր նպատակը եղել է երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում լավ կառավարման խթանման մեջ ներդրում ունենալը, և այդ նպատակին հասնելու համար.

  • Վեր են հանվել ծրագրերի միջոցառումների և նրանց ոչ ֆինանսական չափորոշիչներում առկա թերությունները և բացթողումները:
  • Մշակվել են մի շարք արդյունավետ, իրատեսական և շահառուների համար ընդունելի ոչ ֆինանսական չափորոշիչներ:
  • Մշակված չափորոշիչները բարելավելու նպատակով փորձ է արվել համագործակցել համապատասխան պետական հաստատությունների հետ:
  • Ջատագովվել է վերը նշված չափորոշիչների ընդգրկումը 2020 թվականի պետական բյուջեում:

Հրապարակումն ամբողջությամբ ԹԻՀԿ կայքում՝ Ծրագրային բյուջետավորման պրակտիկայի ներդրումը ՀՀ արդարադատության նախարարությունում (2019-2020 թթ.)

[1] Ծրագրի արդյունքները ներկայացված և վերլուծված են համանուն հրապարակման մեջ: