Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքը
1 ապրիլի 2020թ․
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ի
նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2020 թվականի մարտի 31-ին «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտարկում։
COVID-19-ի տարածման ռիսկերով պայմանավորված՝ «Ականատեսը» վերանայել է իր նախնական մեթոդաբանությունը՝ ընտրատեղամասերում հայաստանյան և արցախյան դիտորդների համատեղ դիտարկումը փոխարինելով տեղացի շրջիկ դիտորդներով, ինչպես նաև՝ ավելացնելով տեսաձայնային հեռարձակմամբ ապահովված տեղամասերի հսկման բաղադրիչը՝ հայաստանյան դիտորդների ներգրավմամբ։
Առաքելությունն ընդգրկել է 15 շրջիկ խումբ, որոնք այցելել են Արցախի ողջ տարածում տեղակայված 136 տեղամաս և դիտարկել քվեարկության ընթացքը, ինչպես նաև մասնակցել են արդյունքների ամփոփմանն ու հաշվարկին 31 ընտրատեղամասերում։ Երևանում տեղակայված դիտորդների խումբը հետևել է հեռարձակմանը 46 տեղամասում։ Ութ դիտորդ վերահսկել է քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացը բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Բացի այդ, առաքելությունը ստացել է ահազանգեր քաղաքացիներից և կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներից՝ ընթացիկ ընտրախախտումների վերաբերյալ։
«Ականատեսի» կողմից դիտարկված տեղամասերում քվեարկության գործընթացը, հիմնականում, կազմակերպված էր պատշաճ կերպով։ Դիտարկման արդյունքներով՝ մոտ 20 տեղամասում հայտնաբերվել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք, հիմնականում, պայմանավորված են եղել քվեարկության սենյակների և/կամ շենքային պայմանների անհամապատասխանությամբ։ Համայնքներից մեկում ընտրատեղամասը տեղակայված է եղել հանդիսանությունների սրահում, որը գտնվում էր համայնքապետարանի շենքում՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքում առկա էին այլ հարմար տարածքներ քվեարկությունը կազմակերպելու համար։ Մի շարք տեղամասերում եղել է վատ լուսավորություն, բացակայել է չհրկիզվող պահարանը, գրանցվել է քվեախցիկների սխալ տեղակայում՝ գաղտնիության խախտման ռիսկեր, բացակայել է ընտրատեղամասի կնիքը։ Այնուամենայնիվ, առաքելության ընդհանուր գնահատմամբ, նշված թերությունները չեն ունեցել հատուկ միտում։
Հանձնաժողովի անդամները, հիմնականում, կարգապահորեն կատարել են իրենց պարտականությունները։ Եղել են եզակի դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը ոչ համագործակցային վերաբերմունք է դրսևորել դիտորդների նկատմամբ։ Երբեմն խախտվել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց՝ օրենքով սահմանված գործառույթները, գրանցամատյանը լրացվել է թերի, քվեաթերթիկների դարձերեսին բացակայել են հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ որոշ քվեաթերթիկներ անհիմն կերպով ճանաչվել են անվավեր։ Հանդիպել են վիճակահանությամբ հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգի պահպանման հետ կապված խնդիրներ։ Որոշ դեպքերում, պայմանավորված հանձնաժողովի նախագահի ցածր պատրաստվածությամբ՝ նկատվել է քվեարկության գործընթացի անբավարար որակի կազմակերպում։
Ոստիկանությունը, հիմնականում, ապահովել է հասարակական կարգը, թեև եղել են դեպքեր, երբ ոստիկանները ներկա են գտնվել ընտրատեղամասում՝ առանց պատշաճ հիմնավորման։
Ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի հեռարձակման հսկողության արդյունքներով՝ դիտարկված 46 տեղամասերից մոտ 10-ում նկատվել են հեռարձակման պարբերաբար խափանումներ՝ գումարային մի քանի ժամ տևողությամբ։ Հեռարձակման որակի խնդիրներ են նկատվել դիտարկվող տեղամասերի համարյա կեսում։ Մի դեպքում տեղամասի հեռարձակումը փաստացի կրկնել է մեկ այլ տեղամասի եթերը։ Եղել են դեպքեր, երբ խնդիրների ծագման պարագայում, տեսախցիկների հեռավորությունը հանձնաժողովի անդամների սեղաններից թույլ չի տվել լիարժեք կերպով հետևել համապատասխան քննարկումներին և լիարժեքորեն ընկալել խնդիրների բնույթը։ Հեռարձակումը տեխնիկապես հնարավորություն չի տվել վերադիտել և ստուգել տեսանյութում նկատված խնդրահարույց դրվագները։
Հակառակ COVID-19 պայմաններում կազմակերպվող ընտրությունների ռիսկերի առնչությամբ «Ականատեսի» նախօրեին արտահայտած մտահոգություններին՝ ընտրողների մասնակցությունը բավականին բարձր էր և ակտիվ։ Ձեռնարկվել էին անվտանգության միջոցառումներ, և դիտարկված բոլոր տեղամասերում քվեարկության գործընթացի բոլոր մասնակիցներին բաժանվում էին հիգիենիկ պաշտպանության միջոցներ ու գրիչներ, թեև ոչ բոլորն էին կրում կամ գործածում դրանք։ Շփման համար անվտանգ հեռավորությունը պահելու վերաբերյալ հրահանգները, որպես կանոն, չէին պահպանվում և քաղաքացիները սերտորեն ու անկաշկանդ, առանց պաշտպանության միջոցների, հարաբերվում էին միմյանց հետ։
Շրջիկ դիտորդության և հեռարձակումների միջոցով բացահայտված հիմնական խնդիրները ներառել են հետևյալը․
- Ուղղորդման դեպքեր, երբ կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին կամ վստահված անձը փորձել է հավաստիանալ ընտրողների «ճիշտ քվեարկության մեջ»․
- Քվեարկության գաղտնիության խախտում, երբ ընտրողները քվեաթերթիկները ծալել են դրսում կամ քվեախցում քվեարկել են մի քանի հոգով․
- Ակտիվ քարոզչություն, որը դրսևորվել է կուսակցությունների պիտակներով մեքենաների՝ տեղամասերի մոտ տեղակայմամբ, քարոզչություն՝ քվեարկելու «թիվ 6» թեկնածուին, քարոզչություն «Ազատ հայրենիք» կուսակցության շապիկով․
- Մարդկանց կուտակումներ՝ դիտարկված տեղամասերից 47-ում, ինչպես նաև բազմաթիվ կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասում կամ դրա հարակից տարածքում․
- Հանձնաժողովի անդամների կամ քվեարկության այլ մասնակիցների ներգրավմամբ խախտումներ, որտեղ մասնավորապես՝
- Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում տեղակայված 6/10 տեղամասում հանձնաժողովի նախագահը հետևողաբար խոչընդոտել է դիտորդի աշխատանքներին և թույլ չի տվել ծանոթանալ տեղամասի գրանցամատյանին.
- Ստեփանակերտում տեղակայված 1/17 տեղամասում հանձնաժողովի նախագահը քվեախցիկի մոտ ընտրողներին ձեռքով ցույց է տվել, թե ում ընտրեն։ Նույն տեղում «Նոր Արցախ» դաշինքի վստահված անձը մի քանի անգամ կանգնել է քվեախցիկների հետնամասում և հետևել ընտրողների քվեարկությանը.
- Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 տեղամասում 14:30-14:45-ին տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը, սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով։
Վերոնշյալ ցրված կամ դրվագային խախտումների համատեքստում համեմատաբար ավելի արտառոց և ուշագրավ է եղել բազմաթիվ ընտրողների կողմից քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելու երևույթը, որոնց մեծամասնությունը, ինչպես պարզվել է դիտարկման արդյունքում, քվեարկած են եղել Արայիկ Հարությունյանի կամ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։
Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում։ Խախտումների մեծ մասը եղել է դրվագային, բայց մի շարք երևույթների, մասնավորապես ընտրության արդյունքների պատկերմամբ քվեաթերթիկների լուսանկարահանման պրակտիկան հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են կազմակերպված։ Բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, այլ վերահսկվել է որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։
«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:
«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ: