21 մարտի, 2020 թ.

2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։ Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել Վ.Պուտինի մասին։

Հեռախոսազանգը որակելով որպես Արթուր Սաքունցի եւ կազմակերպության հասցեին ուղղված անմիջական սպառնալիք, կազմակերպությունը դիմել է իրավասու մարմիններին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու, +79102119294 հեռախոսահամարից զանգահարած անձի ինքնությունը պարզելու եւ վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Այս միջադեպը վկայում է, որ որոշ մարդիկ խոսքի եւ արտահայտման ազատությունը հասկացել են որպես սեփական անզուսպ կրքերը արտահայտելու հնարավորություն եւ օգտվում են ինչ-ինչ հովանավորչությունից ու անպատիժ մնալու համոզմունք ունեն: ՀՀ իրավապահներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռք առնել եւ բացահայտել այս քրեական հանցագործին, իսկ վերջինիս ՀՀ քաղաքացի լինելու դեպքում, ջանքեր ներդնել նրան Հայաստան վերադարձնելու եւ հետագա քննության համար:



Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«ԽորանԱրդ» հասարակական կազմակերություն

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայտարարությունը բաց է միացողների համար, գրեք [email protected] հասցեով: