«Զգալի փոփոխություն է նկատվում, և, ամենակարևորը` երկրում որևէ բան փոխելու անկեղծ մղում: Կարծում եմ՝ քաղաքացիները նույնպես սա նկատում են: Տարբեր հարցումների արդյունքները նույնն են ցույց տալիս: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին` այնտեղ կա պրոցես, կան զարգացումներ: Նախկինում այնտեղ ոչինչ չէր կատարվում: Ես կիսում եմ վարչապետի կարծիքը, որ մեր ակնկալիքները մեծ են, և մենք ակնկալում ենք ավելի պրոֆեսիոնալ աշխատանք իրավապահների կողմից: Սակայն, ցավոք, պրոֆեսիոնալիզմը կաղում է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Նա հավելել է` նշելով.«Եթե քաղաքացիները կարծում են, որ իրավապահները կոռումպացված են կամ լավ չեն պայքարում, բնականաբար, ազդարարների համակարգը այդտեղ չի աշխատի: Օրինակ, քաղաքացիները չեն կարողանա, չեն ցանկանա դիմել, և շատ գործեր պարզապես չեն բացահայտվի: Կարծում ենք, դա նաև որոշ չափով գալիս է իշխանությունների թերացումից: Այսինքն` գործադիր, օրենսդիր իշխանություններում եղան փոփոխություններ, դատական համակարգում, ըստ էության, փոփոխություններ չենք տեսել մինչ օրս: Նույնը կարելի է ասել իրավապահի մասին, որովհետև մի քանի պաշտոնների նշանակումներից բացի, էական փոփոխություններ դեռևս չեն եղել: Անշուշտ, գիտենք, որ նախատեսվում են: Կարծում ենք, որ դրանք բավականին ուշանում են և օր առաջ պիտի իրականացվեն»,- նշել է Սոնա Այվազյանը:

«Դատական համակարգի վեթինգի անհրաժեշտությունը շտապ է: Պետք է օր առաջ այդ ամենն անել, ավարտել և սկսել աշխատեցնել: Իրավապահ համակարգում ևս վեթինգի անհրաժեշտություն կա: Եվ դրա մասին բազմիցս խոսել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այդ աշխատանքները պետք է սկսվեին եթե ոչ հեղափոխությունից, ապա առնվազն ԱԺ ընտրություններից անմիջապես հետո: Ակնհայտ է, որ և՛ օրենսդրական մակարդակով, և՛ գործադիր, և՛ իրավապահ մակարդակով ինչ-որ աշխատանքներ ընթանում են: Պարզապես պետք է ավելի արագացնել և ավելի արդյունավետ դարձնել այդ պայքարը», ասել է Այվազյանը: