Հայաստանի ղեկավարության նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը։ Նման գնահատական է տվել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում 2020թ.» գլոբալ զեկուցում: Գնահատականը վերաբերում է 2019-ի ՏԻՄ ընտրություններին։ Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուրի հյուրասրահում» ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չափազանց կարևոր է համարում, որ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն Արցախում նույնպես անցնեն ազատ և արդար, մրցակցային պայմաններում։

Freedom House–ի զեկույցի հեղինակները Լեռնայիրն Ղարաբաղում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները շահեկանորեն առանձնացնում են Եվրասիական տարածաշրջանի մյուս անջատված տարածքներում տեղի ունեցող գործընթացներից։ Վարուժան Հոկտանյանը սա կարևորագույն փաստարկ է համարում Լեռնային Ղարաբաղի միջազգային ընկալման տեսանկյունից: Լեռնային Ղարաբաղն առանձնացվում է որպես յուրահատուկ դեպք, որտեղ կա ժողովրդավարական զարգացում, որը չի արձանագրվում այլ չճանաչված տարածքներում: Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի կամ Ղրիմի` ժողովրդավարության ուղով գնացող տարածքին փորձում են վերադարձնել շատ կոշտ, ավտորիտար բռնապետական ռեժիմ ունեցող երկրի կազմ:

Հայաստանում գրանցված դրական առաջընթացն ամրագրելու տեսանկյունից Վարուժան Հոկտանյանը կարևորում է նաև Սահմանադրության հանրաքվեի ազատ, արդար և առանց կեղծիքների անցկացումը։ «Դա կարևոր է ոչ միայն մեր երկրի դրական իմիջի, Արցախի խնդրի, այլև ներդրումների համար․ այդ թվերին նայում են նաև պոտնեցիալ ներդրողները»,– փաստում է նա։

Հոկտանյանը խոսել է նաև հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված երկու օրենսդրական փաթեթների մասին՝ նշելով դրանց խութերն ու ընդգծելով ճիշտ կիրարկման անհրաժեշտությունը։ Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում նա անհրաժեշտ է համարում ոչ միայն պետծառայողների, այլև ուսուցիչների ու բժիշկների համար բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների սահմանումը։

Սկզբնաղբյուրը` Հայաստանի հանրային ռադիոյի կայքէջ