2020թ. մարտի 2-3-ին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը Թունիսում կազմակերպել է կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերականգնման վերաբերյալ «Ճշմարտություն, հաշվետվողականություն և ակտիվների վերականգնում. ինչպե՞ս է հնարավոր անցումային արդարադատությամբ պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով համաժողով: Միջոցառմանը մասնակցել են փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, պաշտոնատար անձինք և ակտիվիստներ Թունիսից, Հարավային Աֆրիկայից, Քենիայից, Ֆիլիպիններից, Գամբիայից և Հայաստանից: Նշյալ երկրներն այժմ անցումային արդարադատության միջոցներ են կիրառում, որտեղ կոռուպցիայի համար հաշվետվողականությունը գլխավոր մարտահրավեր է:

Հայաստանյան պատվիրակության կազմում մասնակիցների թվում է եղել նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը որպես բանախոս հանդես է եկել «Որո՞նք են բռնատիրության ժամանակ կոռուպցիոն հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և «պետության զավթմանը» վերջ տալու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկմնանը: Պանելային այդ քննարկման ընթացքում համեմատության է ենթարկվել կոռուպցիայում ներգրավված հզոր քաղաքական առաջնորդներին, կառավարության պաշտոնատար անձանց և նրանց` մասնավոր հատվածի դաշնակիցներին պատասխանատվության ենթարկելու փորձը, սահմանվել է «պետության զավթում» հասկացությունը և քննության է առնվել, թե կոռուպցիայի դեմ պայքարի ջատագովները ինչպես կարող են կիրառել անցումային արդարադատության գործընթացներ` միտված կոռուպցիայի հաղթահարմանը:

Բացի համաժողովին մասնակցելուց, մարտի 3-5-ը հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է տարբեր հանդիպումների, այդ թվում` Հակակոռուպցիոն ազգային մարմնի, Հանրային գործերի նախարարի, Բարձրագույն դատական խորհրդի, պատգամավոր Խալեդ Կրիչիի հետ և այլն: