Փետրվարի 20-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկում, որը «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքի առաջին միջոցառումն է:

Հանրային քննարկման ընթացքում «Խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը» թեմայով բանախոսել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի` ՀՀ սահմանադրության փոփոխությունների հիմնական ուղենիշները պետք է լինեն իշխանությունների տարանջատման և զսպումների ու հակակշիռների մեխանիզմի արդյունավետ լուծումները ՀՀ պետական կառավարման համակարգում։ Նա մասնավորապես կարևորել է խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրագրումը արտաքին քաղաքականության, պետության ներքին և արտաքին անվտանգության բնագավառներում գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ։ Մարտիրոսյանն առաջարկել է արտաքին քաղաքականության բնագավառում դեսպանների թեկնածուների հաստատումը վերապահել խորհրդարանի իրավասությանը, իսկ ներքին քաղաքականության բնագավառում անվտանգության համակարգերի նկատմամբ, մասնավորապես գնումների գործընթացի նկատմամբ ևս նախատեսել խորհրդարանական վերահսկողության տարրեր։

Տեսանյութը` FactorTV-ի