Փետրվարի 18-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Բացման խոսքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նկատել է, որ արտասահմանից Հայաստանի քաղաքացիների քվեարկության սահմանափակման պրակտիկան իրականում ընտրական իրավունքի և մարդու իրավունքների խախտում է և խտրականության դրսևորում։ Արտերկրից քվեարկելու իրավունքը հասանելի է միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար, և այս դեպքում էլ առկա են հիմնավոր կասկածներ, որ նրանց քվեարկությունը, որը կատարվում է էլեկտրոնային եղանակով, կարող է վերահսկվել օրվա իշխանության կողմից։ «Երկրում նույնիսկ սահմանադրությունն է փոխվել՝ առանց հաշվի առնելու քաղաքացիների մի ստվար զանգվածի կարծիքը», - ավելացրել է Այվազյանը։

Բացման խոսքով նաև հանդես է եկել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամնի (IFES) ներկայացուցիչ Ժերոմ Լեյրոն, որը մասնավորապես ընդգծել է արտասահմանից ավելի մեծ թվով ընտրողներին քվեարկելու հնարավորություն տալու և ընտրությունների թափանցիկությունն ու օրինավորությունն ապահովելու միջև հավասարակշռություն գտնելու անհրաժեշտությունը։

Հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը նշել է, որ արտասահմանից քվեարկության սահմանափակումը կամ այդ սահմանափակման բացակայությունը երկրների ժողովրդավարության աստիճանի չափման ցուցանիշներ չեն։ «Կան երկրներ, որոնք արտասահմանից քվեարկության հնարավորություն տալիս են, բայց ժողովրդավարական չեն և հակառակը», - նկատել է Դանիելյանը, ըստ որի առանցքային հարց է արտասահմանից քվեարկության հանրային ընկալումը հենց քվեարկողների շրջանում։ Համազասպ Դանիելյանը նշել է, որ վերջերս ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների միայն 10%-ն է կարծում, որ իր քվեի գաղտնիությունը պահպանվում է։ Այս հարցում Դանիելյանը մատնանշել է երկու խնդիր․ մի կողմից նպատակահարմար չէ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագետներին և նրանց ընտանիքներին ընտրելու իրավունքից զրկելը, սակայն մյուս կողմից պետք է գտնել ավելի լավ լուծում, որպեսզի նրանց ընտրությունն ամեն անգամ չվերածվի իշխանության նկատմամբ լոյալության հանրաքվեի։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մատնանշել է այն փաստը, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների միայն 1%-ն է սովորաբար կանգնում հյուպատոսական հաշվառման, և այդ հաշվառումը էլեկտրոնային դարձնելու դեպքում միգուցե այս քաղաքացիների թիվը աճի։ Իոաննիսյանի կարծիքով` արտասահմանում քվեարկության ժամանակ կարևոր խնդիրներից է նախընտրական քարոզչության օրինականության և հավասար մրցակցային պայմանների ապահովումը, ինչը Հայաստանում կարգավորվում է հայաստանյան օրենսդրությամբ, սակայն դա բնականաբար երկրից դուրս չի գործում։ Նույնը վերաբերում է ընտրակաշառքի խնդրին, որը, դրսում տեղի ունենալու դեպքում, բարդ է լինելու վերահսկելը և կանխելը։ «Բացի այդ, մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ այնպիսի երկրներում, որոնք ժողովրդավարության հետ խնդիրներ ունեն», - ավելացրել է Իոաննիսյանը։ Հանրային քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տարբեր հասարակական կազմակերպություններից և այլն։

Միջոցառման լուսաբանումը լրատվամիջոցներում`
Հ1 1lurer.am
ԱՐ Ազդարար
Ազատություն
a1plus.am
aravot.am