«Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով, որի բանախոսներից էր գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որն անդրադարձել է այսօրվա իրավիճակին, առաջացած լարվածությանը և ելքին:

Սոնա Այվազյանի դիտարկմամբ` տարիներ շարունակ Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել են օրվա իշխանության կողմից: Քաղաքացիների ձայները գողացվել են: Դա իրականացվել է հանցագործ խմբի կողմից, և այդ հանցագործությունը ավարտին հասցնող կառույցը եղել է Սահմանադրական դատարանը:

«Հեղափոխությունից հետո մենք ակնկալում էինք, որ նոր իշխանությունները իրավական-քաղաքական գնահատական կտան պետության զավթմանը բոլոր ոլորտներում, և՛ արագ քայլեր կձեռնարկվեն սահմանադրական փոփոխությունների համար, և՛ հին ռեժիմի վարկաբեկված կառույցների կազմը վերանայելու ուղղությամբ կաշխատեն, և՛ արագ քայլեր կձեռնարկեն ինչ-որ բան փոխելու համար, ինչը, ցավոք սրտի, չարվեց: Այսօր մենք ականատես ենք նրան, որ իշխանությունների այդ դանդաղկոտությունը բերեց ներքին լարվածության, նրան, որ հեղափոխությանը սատարող քաղաքացիները սկսեցին հիասթափություն ապրել: Դա հույսեր արթնացրեց այսպես կոչված «հակահեղափոխական» ուժերի մոտ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, և նրանք դեռևս կարող են վերադառնալ իշխանության և շարունակել նույն ձևով աշխատել»,- ասել է Այվազյանը:

Սոնա Այվազյանը շարունակել է, նշելով, որ քայլը, որը արվեց, դրական է, ինչն իհարկե ավելի դրական կլիներ, եթե արվեր այլ եղանակով, այլ մասնակցայնության պայմաններում, միգուցե ընդհանուր սահմանադրական փոփոխությունների համատեքստում, սակայն դա այս իրավիճակում հնարավոր չէր: Ամբողջական սահմանադրական փոփոխությունները դեռևս պատրաստ չէին, իսկ Սահմանադրական դատարանի խնդիրն օր առաջ պետք է լուծել: Այդ առումով այլ հնարավոր ելք չկար: Այստեղ դրականն այն էր, որ այդ կարևոր խնդիրը որոշվեց հանձնել ժողովրդի դատին:

«Մյուս շաբաթ կներկայացնենք մեր վերջին ուսումնասիրության արդյունքները: Համաձայն Հայաստանի բնակչության շրջանում իրականացված կոռուպցիայի վերաբերյալ ընտրանքային հետազոտության` ամենակոռումպացված կառույցը համարվում է դատական համակարգը, երկրորդը` ԶԼՄ-ները, երրորդը` դատախազությունը: Իշխանությունները արագ քայլեր պետք է ձեռնարկեն բոլոր կոռումպացված ոլորտներում` հնից մնացած և վարկաբեկված կառույցներում փոփոխություններ իրականացնելու համար», - ավելացրել է Սոնա Այվազյանը:

Հանրային քննարկման մյուս բանախոսներն էին փաստաբան Կարապետ Բադալյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Սկզբնաղբյուրը` «FactorTV»-ի տեսանյութը

Տես լուսաբանումը
factor.am
www.panorama.am
www.aravot.am
1in TV
168.am