Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2019թ․ նոյեմբերի 12-ից 2020թ․ հունվարի 10-ը կազմակերպել է «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» թեմայով երկամսյա կամավորական ծրագիր, որի նպատակն էր հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ տրամադրել: Ծրագրի դասընթացավարն էր Հայկ Մալխասյանը, ով ունի Հայ-ռուսական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում դասավանդման հարուստ փորձ։

Ծրագրին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 13 ուսանողներ։ Հունվարի 30-ին ծրագիրը հաջողությամբ հաղթահարած և 70 % մասնակցություն ապահոված մասնակիցներին տրամադրվել են հավաստագրեր։ Ծրագրի կարևորության մասին Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Դավթուհի Ղահրամանյանը մասնավորապես նշել է. «Ծրագիրն ինձ տվեց նորմատիվ իրավական ակտերը վերլուծելու, այլ կողմից նայելու, բանավեճերի, հարց ու պատասխանների ընթացքում արագ կողմնորոշվելու ունակություն: Այն նաև հնարավորություն տվեց ստանալ նոր, ինչպես նաև ավելացնել ունեցածս գիտելիքները կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ»:

Կամավորական ծրագիրը բաղկացած էր երկու մասից` տեսական և գործնական:

Տեսական ուսուցման մասն ընդգրկում էր կարճատև դասախոսություններ, որոնց արդյունքում երիտասարդները ստացել են տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ հանրային կառավարման, օրենսդրության, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վեր հանման վերաբերյալ:

Գործնական մասում ներառված էին պրակտիկ աշխատանքներ, որոնց ընթացքում երիտասարդները, ձեռք բերված գիտելիքներն օգտագործելով, իրականացրել են կոնկրետ ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն։

«Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» կամավորական ծրագիրը կրելու է շարունականան բնույթ։