Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ: Ավելի վաղ՝ 2019թ․-ի մարտին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019թ․-ի մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին։

«Եվրոպայի խորհրդում նրանց մուտքը ցմահ սահմանափակելուց հետո ժամանակն է, որպեսզի Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների կողմից թույլ տրված անօրինականությունները հետաքննվեն։ Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկֆուրտի դատախազությունն իրավիճակն այլ կերպ է գնահատել, քան Ռոստոկի դատախազությունը», - ասել է «Թրանսփարենսի Դոյչլանդի» ղեկավար Հարտմուտ Բաումերը։

2017թ․-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը ստեղծել էր մի ցանց, որի միջոցով 2.5 մլրդ եվրոյի դրամական հոսքերը բանկերի և կեղծ ընկերությունների (shell companies) միջոցով կաշառքի տեսքով տրվել էին քաղաքական որոշում կայացնողներին ողջ Եվրոպայի տարածքում։ Կարին Շտրենցը մեղադրվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամի կարգավիճակում ադրբեջանական աղբյուրներից գումար ստանալու մեջ, որոնք պաշտոնապես ձևակերպվել են Էդուարդ Լինտներին պատկանող ընկերության հետ կնքված խորհրդատվության համար պայմանագրերի տեսքով։ ԵԽԽՎ-ում իր պաշտոնավարման ընթացքում Կարին Շտրենցը մասնակցել է Ադրբեջանում ընտրությունները դիտարկող տարբեր առաքելությունների, ղեկավարել է գերմանացի խորհրդարանականների պատվիրակությունը և Ադրբեջանին վերաբերող ԵԽԽՎ քվեարկություններից մեծ մասի ժամանակ ցուցաբերել է ադրբեջանամետ դիրքորոշում։

Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22,000 եվրո կաշառք ստանալու մեջ։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008թ․-ից 2016թ.-ը մոտ 4 մլն եվրո ստանալու մեջ, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։

2019թ․-ի օգոստոսին Էդուարդ Լինտները «Թրանսփարենսի Դոյչլանդի»՝ առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումն անվանել էր «քարոզչական կատակերգություն»։ Ռոստոկի դատախազությունը հետաքննություն չսկսելու իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Գերմանիայի քրեական օրենսգրքի 108e գլխով սահմանվող համաձայնության նշաններ առկա չէին, և ենթադրյալ հանցագործությունը տեղի չէր ունեցել «մանդատի իրացման» ընթացքում։ Բացի այդ, նախկինում կատարած գործողությունների համար երրորդ կողմից ստացած վճարումները չէին կարգավորվում քրեական օրենսգրքի համապատասխան գլխով։

«Դատախազություններն ակնհայտորեն տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե քրեական օրենսգրքի 108e գլուխը կոնկրետ ինչ է ասում պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ։ Այս գործընթացը ցույց կտա՝ արդյո՞ք օրենքը շատ նեղ է ձևակերպված և իր ներկայիս տեսքով նման անատամ վագրի», - նշել է «Թրանսփարենսի Դոյչլանդի» ղեկավար պարոն Բաումերը։

Սկզբնաղբյուր` «Թրանսփարենսի Դոյչլանդի» մամուլի հաղորդագրություն