Գլխավոր էջ Նորություններ Պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման մրցույթի հրավեր
Նորություններ
2020 Հուն
24

Պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակ և նկարագրություն

ԹԻՀԿ-ն հրավիրում է կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ անցկացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գնումների ոլորտի ուսումնասիրություն/մոնիտորինգ, ամփոփել տվյալները զեկույցում, ներկայացնել զեկույց մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով:

Աշխատանքի ծավալը

  • Իրականացնել ՀՀ կառավարության կողմից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում 2020թ. հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 30 ժամանակահատվածի համար;
  • Ամփոփել ուսումնասիրության արդյունքները և ներկայացնել առաջարկություններ՝ համապատասխան զեկույցում

Ակնկալվող արդյունքներ

  • Ուսումնասիրության արդյունքում պետք է կազմվի ամփոփիչ զեկույց, որը կներառի նշված ուսումնասիրության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ինչպես նաև, մեկ անձից գնումների դեպքում իրավական եզրակացություն դրանց օրինականության վերաբերյալ: Ամփոփիչ զեկույցը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։ 

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 4-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2020թ. փետրվարի 10-ից և ավարտել նույն թվականի նոյեմբերի 30-ին։

Պահանջվող որակավորում

  • Հայտատուն պետք է ունենա Պետական գնումների ոլորտում մշտադիտարկման (մոնիտորինգի) փորձ
  • Պետական գնումների բնագավառում խորհրդատվական և/կամ տեղեկատվական բնույթի ծառայությունների մատուցման փորձ

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Պահանջվող որակավորում (40%)
  • Նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (30%)
  • Ծառայության արժեք (30%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտ (օրինակը՝ կից),
  2. Հայտատուի գործունեության համառոտ կենսագրությունը
  3. Հայտատուի կամ վերջինիս կողմից ծառայության մատուցմանը ներգրավված աշխատակիցների կողմից նախկինում պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման փորձը հիմնավորող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։
  4. Պատվիրատուների ցանկ, որոնց կազմակերպությունը նախկինում մատուցել է պետական գնումների բնագավառում խորհրդատվական և/կամ տեղեկատվական բնույթի ծառայություններ, եթե այդպիսիք առկա են։

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Պետական գնումների մոնիտորինգ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (093)539937  հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին: