Վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ավելի է տարածված այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա

Բեռլին, 23 հունվարի, 2020 թ. – Համաձայն Կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) 2019 թ. համաթվի, որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ՝ առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ ընտրությունների քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորումը ենթակա է շահադիտական նկատառումներ հետապնդող քաղաքական ուժերի ազդեցությանը, ավելի անկարող են պայքարել կոռուպցիայի դեմ:

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն. «Իշխանության վերին օղակներում առկա կոռուպցիայից հիասթափվածությունը և ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը մատնացույց են անում քաղաքական բարեվարքության ավելի բարձր մակարդակ ունենալու անհրաժեշտությունը: Իշխանությունները պետք է շտապ կարգով քայլեր ձեռնարկեն ընդդեմ կուսակցությունների ֆինանսավորման մեջ մեծ փողերի այլասերող դերի և այն անհարկի ազդեցության, որ այդ փողերն ունենում են մեր քաղաքական համակարգերի վրա»:

ԿԸՀ 2019-ի մի քանի կարևոր տվյալներ

ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկրները և տարածքներն ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը:

Դասակարգման մեջ ներառված երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից պակաս են, իսկ ԿԸՀ գլոբալ միջին արժեքը հավասար է 43-ի: Սկսած 2012 թվականից՝ միայն 22 երկրներ են նշանակալիորեն բարելավել ԿԸՀ իրենց արժեքները, որոնցից են Էստոնիան, Հունաստանը և Գայանան: Նշանակալի նահանջ են արձանագրել 21 երկրներ, որոնցից են Ավստրալիան, Կանադան և Նիկարագուան:

Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ տնտեսապես զարգացած մի շարք երկրներ չեն կարող թույլ տալ իրենց բավարարված զգալ, եթե նրանք շարունակում են հավակնել կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում մնալուն: G7 երկրներից չորսի 2019 թ. ԿԸՀ արժեքն ավելի ցածր է, քան նախորդ տարում. դրանք են Կանադան (-4 միավոր), Ֆրանսիան (-3 միավոր), Մեծ Բրիտանիան (-3 միավոր) և ԱՄՆ-ն (-2 միավոր): Գերմանիայի և Ճապոնիայի ԿԸՀ արժեքները մնացել են նույնը, և միայն Իտալիան է առաջադիմել 1 միավորով:

Կոռուպցիան և քաղաքական բարեվարքությունը

Վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնց ԿԸՀ-ն բարձր է, ունեն նախընտրական քարոզչության ֆինանսավորման օրենսդրության ավելի արդյունավետ կիրարկում և քաղաքական ուժերի միջև երկխոսության ավելի լայն ընդգրկում:

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման օրենսդրական ավելի համապարփակ կարգավորում և դրա ավելի համակարգված կիրարկում ունեցող երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 70-ի, այն դեպքում, երբ այդպիսի կարգավորում ընդհանրապես չունեցող կամ այն անբավարար կերպով կիրարկող երկրների ԿԸՀ միջին արժեքները հավասար են, համապատասխանաբար, 34-ի և 35-ի:

2012 թվականի համեմատությամբ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելաված երկրների 60 տոկոսը նաև խստացրել է նախընտրական քարոզչության ժամանակ արվող նվիրատվությունների կարգավորումները:

«Երկրների մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթացի բացակայությունը հիասթափեցնող է և ամենուրեք ունի շատ մեծ բացասական ազդեցություն քաղաքացիների վրա: Կոռուպցիային վերջ տալու և մարդկանց կյանքը բարելավելու հնարավորություն ունենալու համար մենք պետք է վճռական ջանքեր գործադրենք` լուծելու քաղաքականության և մեծ փողերի միջև կապի հիմնախնդիրը»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիս Մորեյրան:

Քաղաքական ուժերի միջև ավելի լայն և բաց երկխոսության առկայությամբ երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 61-ի, այն դեպքում, երբ այդպիսի երկխոսության ցածր մակարդակ ունեցող կամ ընդհանրապես դրա բացակայությամբ երկրների ԿԸՀ միջին արժեքն հավասար է ընդամենը 32-ի:

2012 թվականի համեմատ իրենց ԿԸՀ արժեքի նշանակալի նվազում գրանցած երկրների զգալի մեծամասնությունում քաղաքական, սոցիալական և գործարար ոլորտների առավել աչքի ընկնող ներկայացուցիչները ներգրավված չեն քաղաքական որոշումների կայացման գործընթացներում:

Առաջարկություններ

Կոռուպցիան նվազեցնելու և քաղաքականության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլը առաջարկում է, որպեսզի իշխանությունները.

  • Ամրապնդեն զսպումների և հավասարակշռումների մեխանիզմները և նպաստեն իշխանության ճյուղերի միջև տարանջատմանը:
  • Վճռական քայլեր ձեռնարկեն` հաղթահարելու «արտոնյալների» օգտին բյուջետային ծախսերի կատարումը և հանրային ծառայությունների մատուցումը` պայմանավորված անձնական կապերով կամ որոշակի խմբերի նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունքով:
  • Վերահսկել կուսակցությունների և նախընտրական քարոզչության ֆինանսավորումը` կանխարգելելու քաղաքականության մեջ փողի չափազանց մեծ ազդեցությունը:
  • Կարգավորել շահերի բախումը և լուծում գտնել «պտտվող դռների» հիմնախնդրին:
  • Կարգավորել լոբբիստական գործունեությունը` նպաստելով որոշումների ավելի մասնակցային կայացմանը:
  • Ամրապնդել բարեվարքությունն ընտրական գործընթացներում և պատժել ապատեղեկատվություն վրա հիմնված քարոզչություն իրականացնելու համար:
  • Օժտել քաղաքացիներին քաղաքական ազդեցությամբ և պաշտպանել ակտիվիստներին, ազդարարներին և լրագրողներին:

Առաջարկությունների ամբողջական ցանկը տե’ս www.transparency.org/cpi/2019 հղումով:

Ծանոթագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ներառում է նաև տվյալներ Վըրայըթիզ օֆ Դեմոքրասի (Ժողովրդավարության տարատեսակներ – V-Dem) ծրագրից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերջին 25 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպությունն է: Համատեղենք մեր ջանքերը www.transparency.org-ի միջոցով:

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.transparency.org/research/cpi

Տարածաշրջանային վերլուծություն
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա

Տարածաշրջանի երկրներին բնորոշ են իշխանության ճյուղերի տարանջատման ոչ բավարար աստիճանը, ընտրական գործընթացներում պետական ռեսուրսի չարաշահումը, կուսակցությունների ոչ թափանցիկ ֆինանսավորումը և շահերի բախումը:

Տարածաշրջանի ընդամենը երեք երկրների ԿԸՀ արժեքն է գերազանցում գլոբալ միջինը (43-ի հավասար). դրանք են՝ Վրաստանը (56 միավոր), Բելառուսը (45 միավոր) և Չեռնոգորիան (45 միավոր):

Վերահսկողական պետական մարմինների նկատմամբ ուժեղ քաղաքական ազդեցությունը, դատական իշխանության անկախության անբավարար մակարդակը և մամուլի սահմանափակ ազատությունը նպաստում են նրան, որ տարածաշրջանի շատ երկրներում առկա է իշխանության գերկենտրոնացում:

Չնայած Եվրոպական Միությանն անդամակցելու ձգտումներին` տարածաշրջանում ընդգրկված արևմտաբալկանյան վեց երկրների և Թուրքիայի ԿԸՀ արժեքները չեն բարելավվել:

2012 թ. համեմատ Թուրքիայի ԿԸՀ արժեքը նվազել է 10 միավորով` 2019-ին հասնելով 39-ի, ինչը նշանակալի նահանջ է: Նույն ժամանակահատվածում Բոսնիա և Հերցեգովինայի ԿԸՀ արժեքը նվազել է 6 միավորով և այժմ հավասար է 36-ի: Քաղաքական կամքի բացակայությունը և գործող օրենքների և կարգավորումների կիրարկման որակի անկումը հանդիսանում են լուրջ մարտահրավերներ այդ երկրների համար:

Սկսած 2012 թվականից` Բելառուսը (45 միավոր), Ղրղզստանը (30 միավոր) և Ուզբեկստանը (25 միավոր) նշանակալիորեն բարելավել են ԿԸՀ իրենց արժեքները: Սակայն այս երեք նախկին խորհրդային հանրապետություններում շարունակում են տեղ գտնել պետության զավթման երևույթը և տապալվել իշխանության ճյուղերի միջև զսպման և հավասարակշռման մեխանիզմները:

Չնայած նրան, որ Ուզբեկստանը թուլացրել է լրատվամիջոցների նկատմամբ որոշ սահմանափակումները, այն շարունակում է մնալ որպես աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկը:

Պետության զավթումը և իշխանության կենտրոնացումն առանձին անհատների ձեռքերում շարունակում են մնալ հիմնական խոչընդոտները տարածաշրջանում: Կոռուպցիան կարող է արդյունավետ կերպով հաղթահարվել, եթե քաղաքական առաջնորդների համար առաջնահերթություն դառնան հանրային շահերը, և իրենք ծառայեն որպես թափանցիկության օրինակ:

Տարածաշրջանի ուշադրության արժանի երկրներ

Հայաստան

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ԿԸՀ արժեքն աճեց 7 միավորով` հավասարվելով 42-ի: 2018 թ. հեղափոխությանը և նոր խորհրդարանի ձևավորմանը հետևեցին հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների խորացմանն ուղղված խոստումնալից զարգացումները:

Չնայած այդ դրական զարգացումներին` շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են մնալ որպես խոչընդոտներ` երկրում կոռուպցիային վերջ տալու ճանապարհին:

Քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները և կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը:

Հայաստանում քաղաքական կամքը և հակակոռուպցիոն քաղաքականության կիրարկումը կարևոր են դառնում այն դեպքում, երբ առանցքային նշանակություն ունեն քաղաքական մշակույթի և կառավարման ֆունդամենտալ և անհապաղ փոփոխությունները:

Կոսովո

ԿԸՀ 2019 թ.համաթվի 36 արժեք ունեցող Կոսովոյի խորհրդարանում տեղի է ունենում իշխանափոխություն, որը կարող է դառնալ փոփոխությունների հնարավորություն: Տարիներով իշխանություններին և երկրում գործող միջազգային կազմակերպություններին կոռուպցիայի հիմնախնդիրը չլուծելու անկարողության մեջ քննադատող Ինքնորոշման (Vetevendosje) կուսակցությունը, որը վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը, այժմ հնարավորություն ունի ապացուցելու կոռուպցիայի դեմ պայքարելու իր հանձնառությունը:

Նախընտրական քարոզչության ժամանակ, կուսակցությունն այն սակավաթիվ քաղաքական ուժերից մեկն էր, ով բացահայտեց նախընտրական քարոզչության իր ծախսերը:

Սակայն դեռ պետք է սպասել՝ տեսնելու նոր կառավարությունը կկատարի արդյոք քաղաքական բարեվարքության ավելի բարձր չափանիշներ սահմանելու իր խոստումը: Դա նա կարող է անել, եթե վերջ տա պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների տնօրենների քաղաքական նկատառումների վրա հիմնված նշանակումների սովորական դարձած պրակտիկային և սահմանի կուսակցությունների կողմից իրենց ֆինանսավորման բացահայտման ավելի խիստ իրավական պարտավորություններ:

Կոսովոյում նոր խորհրդարանը հնարավորություն ունի վերացնել նախորդ վարչակարգի թերությունները և իր համար առաջնահերթություն դարձնել հակակոռուպցիոն քայլերը:

ԿԸՀ 2019 թ. Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները

Հայաստանի ԿԸՀ 2019 թ. արժեքը հավասար է 42-ի (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7 միավոր), իսկ ստանդարտ սխալի չափը` 4.31-ի: Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012-ից մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում:

Կոռուպցիայի ընկալման համաթիվ, Հայաստան 2012-2019

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2019 թ. աղյուսակում Հայաստանը Բահրեյնի և Սողոմոնյան կղզիների հետ կիսում է 77-ից 79-րդ տեղերը: 2018 թ. ԿԸՀ համաթվի 35 միավորով Հայաստանը կրկին 180 երկրների շարքում կիսում էր 105-ից 113-րդ տեղերը: Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը շարունակում է ներառված մնալ Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Աղյուսակ 1-ում բերված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2019 թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը: Այդ տարածաշրջանի մեջ ներառված են՝ բալկանյան երկրներից Չեռնոգորիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Կոսովոն, նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից, ինչպես նաև Թուրքիան:

Ինչպես երևում է աղյուսակից, տարածաշրջանի19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը (2018 թ. նա գրավում էր 10-րդ տեղը): Այս տարածաշրջանում Հայաստանը, ինչպես և 2018-ին, նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց ԿԸՀ 2019 թ. համաթվերի արժեքներն են, համապատասխանաբար, 56 (զբաղեցնում է 44-ից 47-րդ տեղերը` ամենաբարձրը տարածաշրջանում) և 45 (66-ից 69-րդ տեղեր` երկրորդը տարածաշրջանում):

Ինչ վերաբերում է իր հարևան երկրներին, ապա Հայաստանն այժմ զիջում է միայն Վրաստանին՝ առաջին անգամ առաջ անցնելով Թուրքիայից, որի 2019 թ. ԿԸՀ համաթվի արժեքը հավասար է 39-ի (91-ից 92-րդ տեղեր): Ինչպես և նախկինում, Հայաստանն առաջ է մյուս երկու հարևաններից՝ Ադրբեջանից (30 միավոր` 126-ից129-րդ տեղեր) և Իրանից (26 միավոր` 146-ից 152-րդ տեղեր): Գծապատկեր 2-ում ներկայացված են Հայաստանի և իր հարևան երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները:

Հայաստանի և իր հարևան երկրների 2012-2019 ԿԸՀ արժեքները

Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի 2019 թ. ԿԸՀ արժեքը, ինչպես և 2018-ին, 28 միավոր է (137-ից 145-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 30 (126-ից 129-րդ տեղեր), իսկՂազախստանինը` 34 միավոր (113-ից 118-րդ տեղեր): Գծապատկեր 3-ում բերված են Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները:

Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների 2012-2019 ԿԸՀ արժեքները

Մանրամասների համար այցելեք ԹԻՀԿ կայքի ռեսուրսներ բաժինը հետևյալ հղումով` https://transparency.am/hy/cpi