Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շեմին կցանկանայինք Ձեր ուշադրությանը ներկայացնել մարդու իրավունքների մի շարք հրատապ խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում Հայաստանում ժողովրդավարության վրա:

Չնայած 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահական կեղծված ընտրության արդյունքում առաջացած ճգնաժամից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած 1609(2008), 1622(2008), 1643 (2009) և 1677 (2009) բանաձևերում առաջադրված փաստացի պահանջներին և Եվրամիության, ԱՄՆ կառավարության և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների ու արտասահմանյան կառավարությունների կոշտ քննադատություններին, Հայաստանի իշխանությունները թերացել են անկողմնակալ և համակողմանի հետաքննություն անցկացնել 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ և ազատ արձակել «քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց»: Դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել անմեղ քաղաքացիների սպանության համար պատասխանատուները, իսկ 11 քաղբանտարկյալներ տակավին անազատության մեջ են:

Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստաման հարցում ԵԱՀԿ դերը, սույն գագաթնաժողովը մենք դիտարկում ենք որպես ԵԱՀԿ անդամ երկրներում մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորություն և կոչ ենք անում, որպեսզի Դուք հորդորեք Հայաստանի իշխանություններին ապահովելու`

- բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
- 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների անկախ և անկողմնակալ հետաքննությունը:

Հարգանքով`

Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Մելիսա Բրաուն, Քաղբանտարկյալների կանանց «Շահխաթուն» միություն
Միքայել Դանիելյան, Հելսինկյան հայկական ասոցիացիա
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Վարդան Հարությունյան, Իրավունքի և ազատության կենտրոն
Նադեժդա Հակոբյան, «Մենք -Պլյուս» ՀԿ
Նունե Դիլանյան, «Միջնաբերդ» մշակութային-լուսավորչական ՀԿ
Կարեն Հակոբյան, «Հույս» ՀԿ
Իզաբելա Սարգսյան, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ