Ինչպե՞ս ապահովել կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը: Այս հարցը կլուծվի օրենսդրական կարգավորումների միջոցո"վ, թե՞ կուսակցական համակարգի զարգացմանը զուգընթաց: «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների և ընտրական բարեփոխումների շուրջ այս և այլ հարցերի են պատասխանում Infocom.am-ի #RElection-ի հյուրերը` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Ալեքսեյ Պետրոսյանի կարծիքով` օրենսդրական տեսանկյունից կուսակցությունների գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ և տեսանելի քաղաքացիների համար, որպեսզի վստահ լինենք, որ ընտրությունները կայացել են բանավեճի, մասնակցության և բազմակարծության մթնոլորտում: «Կարևոր է, որպեսզի կուսակցությունները կարողանան կայանալ որպես ինստիտուտներ, այլ ոչ թե կառույցներ, որոնք ասոցացվում են այս կամ այն անհատի հետ, որպեսզի կասկածի տակ չդրվի ողջ ցուցակի ժողովրդավար լինելը: Պետք է ունենանք դրույթներ, որ որոշ չափով խթանեն կուսակցական և՛ ինստիտուցիոնալ, և՛ ներքին ժողովրդավարության կայացումը», - նշել է Պետրոսյանը:

Նա անդրադարձել է նաև կուսակցությունների կողմից մասնակցության ապահովման, ինչպես նաև ԶԼՄ-ների իրական սեփականատերերի հարցին, որը կապված է նախընտրական քարոզչության հետ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը առաջարկել է օրենսդրական կարգավորումներ, որպեսզի կարողանա պարզել ԶԼՄ-ների իրական սեփականատերերին, այսինքն դրա միջոցով կարողանա տեսնել փոխկապակցվածությունը քաղաքական, կուսակցական դերակատարների հետ: Կարևոր է նաև լրատվամիջոցների եկամուտների և ծախսերի թափանցիկության ապահովումը և դրանց հոսքի նկատմամբ վերահսկողությունը:

Քննարկման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել վարչական ռեսուրսների չարաշահման խնդիրներին և բարձրացվել օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը` հստակեցնելու վարչական ռեսուրսների սահմանումը և բարելավելու վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմները։

Սկզբնաղբյուրը` Infocom-ի նյութը