ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս մեղադրվում է 2013 թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար մի խումբ անձանց միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ 490 միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կատարելու մեջ:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի այս քրեական գործի մանրամասները զարմանալի չէին, քանի որ Հայաստանում տասնամյակներ շարունակ կոռուպցիան համակարգային բնույթ ուներ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է. «Միշտ նշել ենք, որ համակարգային կոռուպցիայի հետ գործ ունենք. բյուջեի մսխում, ոչ նպատակային օգտագործում, գնումների համակարգում խնդիրներ, որի հետ կապված այս գործը հարուցվեց»: Հոկտանյանը կարծում է, որ երկրում պետք է կատարվեն համակարգված արմատական տնտեսական, սոցիալական, քաղաքական, վարչական բարեփոխումներ: Արևելյան այս մտայնության երկրներում իշխանությունը դառնում է հարստանալու աղբյուր: Կուզենայի տեսնել այնպիսի քայլեր, որոնք հաղթահարեն իշխանությունը որպես հարստանալու աղբյուր սինդրոմը»,- նշել է Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի նյութը