ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․

Ներկայացված նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ձևավորումն է։ Այս առումով նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է նոր՝ 12․1․ կետով ամրագրել հանրային ծառայողների վարքագծում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման հեղափոխական իրավակարգավորում, մասնավորապես՝ վերոնշյալ կետի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով»։ Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր հետևյալ պատճառներով․

  • Առաջին հայացքից պատկերացում է ստեղծվում առ այն, որ անձի համաձայնությամբ իր բանկային տվյալների, դրանցում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիության համար տրվող թույլտվությունը որևէ կերպ չի խախտում սահմանադրությամբ երաշխավորված անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, քանի որ առկա է տվյալների հասցեատիրոջ համաձայնությունը։ Սակայն իրավունքի և օրենքի գերակայությունն այս պարագայում պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն համաձայնություն տվող հանրային ծառայողի տվյալների տրամադրման իրավակարգավորումներում սահմանադրական երաշխիքների պահպանմանը, այլ նաև այն անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, որոնց անձնական տվյալների բացահայտում է կանխատեսվում հանրային ծառայողի բանկային տվյալների հիման վրա փոխանցումների և գործառույթների բացահայտման գործընթացում։
  • Նախագծով ամրագրված իրավակարգավորման պարագայում առկա է ռիսկ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ընձեռվող լիազորության չարաշահման առումով։ Մասնավորապես՝ նման իրավակարգավորման դեպքում անձի բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու գայթակղություն կարող է առաջանալ նաև քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ ընտրական գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ պարտադրում է իրավակարգավորումները հստակեցնել։ Վերոնշյալ ռիսկի կանխատեսումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հանրության իրավագիտակցության մեջ արմատացած չէ հրապարակման համար սահմանափակում պահանջող տեղեկատվության չտարածման մշակույթը։

Հարցի քննարկման նպատակն այն չէ, որ հանրային ծառայողի բանկային հաշիվների, շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության՝ պետության համար հասանելիությունը սահմանափակվի անհաղթահարելի իրավակարգավորումներով, այլև այնպիսի իրավական կառուցակարգերի սահմանումը, որոնք հնարավորություն չեն տա անհարկի չարաշահել պետական մարմնի լիազորությունները և ծնել կոռուպցիոն ռիսկեր։

Առաջարկ․

  • Նախագծում նախատեսել, որ հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 5-օրյա ժամկետում պարտավոր են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում իրենց նկատմամբ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հարուցված քրեական գործով քրեական հետապնդման մարմնի կողմից իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նման լիազորագիրը պետք է պահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որը պարտավոր է այն տրամադրել քրեական հետապնդման մարմնին հանրային ծառայողի՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում։

Նախագծի 5-րդ հոդվածի 1․1 կետի համաձայն՝ իրավացիորեն նախատեսվում է հայտարարագրել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Այս առումով հարկ է նշել, որ նախատեսված չեն ինչպես գույքին «փաստացի տիրապետում» կարգավիճակի համար հայտարարատուի կողմից տիրապետման ժամկետները, այնպես էլ իրավասու մարմնի կողմից փաստացի տիրապետման հանգամանքը ստուգելու և հավաստելու իրավական մեխանիզմները։

Առաջարկ․

  • Նախագծով սահմանել այն ժամկետները, որի առկայությամբ գույքի տիրապետումը պետք է դիտարկել որպես փաստացի տիրապետում։
  • Նախատեսել այն իրավական ընթացակարգերը և գործիքակազմը, որոնց միջոցով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն է ստանալու ստուգելու և հաստատել հայտարարատուի կողմից գույքի փաստացի տիրապետման հանգամանքը։