Ս.թ. նոյեմբերի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի օգնական Լենա Նազարյանը Բուդապեշտում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանքուոթչ Նեթուորք-ի և Հունգարիայի Շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների ազգային ընկերակցության կազմակերպած «Հաշվետվողականության մեխանիզմների կիրառությունը հանուն շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆինանսական հաստատությունների և ԵՄ ֆինանսավորած ծրագրերում» սեմինարին: Քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ գործադրելու պարագայում հաշվետվողականության մեխանիզմները կարող են պաշտպանել հանրային շահը և լուծել ծրագրերի առաջ բերած պրոբլեմները:

Միջոցառումը նպատակ ուներ երկխոսություն սկսել հաշվետվողականության մեխանիզմները ներկայացնող միջազգային ֆինանսական հաստատությունների, ԵՄ և Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանների, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության, Հունգարիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և հարավային Եվրոպայի, Ռուսաստանի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պատվիրակների միջև, այդ մեխանիզմների հետ աշխատելու փորձ փոխանակել և նպաստել դրանց գործադրմանը սեմինարին մասնակից բոլոր շահագրգիռ կողմերի շրջանում:

Սեմինարը հնարավորություն է ընձեռել ամրապնդելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ընթացող երկխոսությունը և ներկայացնելու միջազգային հաշվետվողականության մեխանիզմները շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Հաշվետվողականության մեխանիզմները ժողովրդավարական համակարգերի զարգացման արտահայտություն են և զբաղվում են լայն ընդգրկում ունեցող հարցերով` տեղեկատվության մատչելիությունից մինչև շրջակա միջավայրի պաշտպանությունը, մարդու իրավունքներն ու քաղաքականության, ընթացակարգերի ու օրենքի հետ համապատասխնությունը: