«Հեռուստամարաթոն 2019»-ին ընդամենը 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության, Հայաստանում ներդրումների պակասի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Ըստ Հոկտանյանի` մարաթոնին քիչ գումար նվիրելը դժվար թե կոռուպցիայով է պայմանավորված, այդուհանդերձ նա նշում է` գուցե ավելի հիասթափություն կա:

Հոկտանյանի կարծիքով` մարաթոնին քիչ գումար նվիրելը գուցե պայմանավորված է ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքով: Պետք է նայել տարիների դինամիկան. կա հայտնի երևույթ՝ դոնորական հոգնածություն, երբ մարդիկ մտածում են՝ ժամանակն է, որ այս երկիրը դադարեցնի հանգանակումները և անցնի լուրջ ներդրումային ծրագրերի:

Պատճառն ավելի շատ տնտեսական ներկա մոդելն է: Այն տնտեսական մոդելը, որ գործել է Հայաստանում, դեռ չի ապամոնտաժվել: Մենք փոքր շուկա ենք, ուստի ներդրողը պետք է մտածի այնպիսի ներդրումներ կատարել, որ հետագայում արտահանի: Առաջանում են աշխարհաքաղաքական հարցեր. կոմունիկացիաներն են շատ սահամանփակ:

Թեպետ Համաշխարհային բանկի տվյալի համաձայն` 2017-ի համեմատ 2018-ին բարելավում կա, հակակոռուպցիոն քաղաքականությունը և նրա արդյունավետությունն ավելի ցայտուն կլինեն, եթե դրան զուգահեռ իրականացվեն տնտեսական, քաղաքական, սոցիալական արմատական բարեփոխումներ: Հոկտանյանը նկատի ունի այնպիսի տնտեսական բարելավում, որից ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա: Այլապես` այդ աճի հիմնական բարիքները կհասնի մի խավի, կամ մի տարածաշրջան կամ մի քանի ոլորտ: Կարևոր է՝ ինչպես է բաշխվում այդ աճը, ում միջև, ինչպես են օգտվում քաղաքացիները, ովքեր են դրանից շահում կամ ովքեր են տուժում:

Կա՞ արդյոք ռեսուրս, պոտենցիալ, ինտելեկտ, որ այդ ամենը կարողանան փոխել, թե՞ ոչ: Կարևոր է, թե որքանով կա դա փոխելու կամք և ցանկություն, գիտակցում, որ դա փոխելով իրենք կարող են խուսափել իշխանությունը կորցնելուց, ի վերջո նույն հանրապետականները դրա պատճառով կորցրին իշխանությունը:

Սկզբնաղբյուրը` Tert.am