Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված «ԿաՄԱԶ»-ների նվիրատվությանը, նշել է. «Մեր գնահատմամբ, որևէ բան տեղի չի ունեցել, որը մենք կկարողանայինք գնահատել որպես կոռուպցիա։ Այնտեղ կան ռիսկեր և ռիսկերի հետ կապված մենք պետք է կարողանանք վերլուծություն անել»։

Այվազյանը կարծում է՝ այս իրավիճակը լավ դաս է քաղաքապետարանի և մյուս պետական կառույցների համար, որոնք եթե չեն ուզում քննադատվել, առավել ևս՝ անհիմն, շատ ավելի թափանցիկ պետք է աշխատեն։ Նա համամիտ չէ, որ գաղտնի գործարք է արվել, սակայն գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, որ հենց նվիրատվության օրը քաղաքապետարանն իր կայքում տեղադրեր տեղեկություն այդ մասին:

Սոնա Այվազյանի կարծիքով` այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանը չէ, այլ իր հարազատն է այն ընկերության սեփականատերը, որը աղբատար է նվիրաբերել քաղաքապետարանին, չի նշանակում, թե փոխկապակցություն չկա: «Գոյություն ունի իրական սեփականատեր հասկացություն»,- ասել է Այվազյանը` հավելելով, որ քաղաքապետարանի գործը չէ նման գործարարներից նվեր չվերցնելը, դա կլիներ խտրականություն․ «Այլ հարց է, որ ավագանիով որոշում ընդուներ, որ վարկաբեկված գործարարներից այլևս նվեր չեն ընդունելու։ Շատ կարևոր է, հետո հետևել, տեսնել՝ արդյոք իրենք հետո ստացա՞ն արտոնյալ պայմաններ»։

Սկզբնաղբյուրը` Factor.am