Հայաստանյան պատվիրակության կազմում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 25-28-ը այցելել են Կիև: Հանդիպումներ են տեղի ունեցել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում, հակակոռուպցիոն դատախազությունում և հակակոռուպցիոն դատարանում։ Քննարկվել են Ուկրաինայի փորձը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ոլորտում, ինչպես նաև վերոնշյալ մարմինների կառուցվածքային և գործառույթային առանձնահատկությունները և նրանց միջև փոխհարաբերությունները։

ԹԻՀԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Ռադայի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորների հետ, քննարկել են օրենսդրական գործունեության ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցեր։ Հանդիպում է կայացել նաև արգելադրված գույքի կառավարմամբ զբաղվող ԱՌՄԱ գործակալության ներկայացուցիչների հետ։

Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես ANTAC-ի և այլ ՀԿ-ների հետ, որոնց ընթացքում քննարկվել է ՈՒկրաինական փորձը կոռուպցիայի կանխարգելման, հայտարարագրման ինստիտուտի զարգացման, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարի այլ ուղղությունների շուրջ։