Lragir.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրությանը, նշել է, որ քիչ հավանական է համարում, որ հենց այս հանձնաժողովը կլինի լոկոմոտիվը կոռուպցիայի ջախջախման հարցում: Շատ ավելի վերևներից պետք է այդ ակնկալիքն ունենալ:

Ըստ Հոկտանյանի` գործող իշխանությունները պետք է իսկապես հարգեն սկզբունքները, և այդ դեպքում հանձնաժողովներն անկախ կգործեն: Մեզ մոտ բավական թույլ զսպիչներ կան՝ ի դեմս քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության: Եվ ամեն ինչ կախված է իշխանությունների բարի կամքից: Հոկտանյանը գտնում է, որ մեր վերնախավի մոտ մի օր պետք է ձևավորվի կուլտուրա, որ թույլ տա, որ այդ մարմիններն անկախ գործեն, ինչքան էլ դա հաճելի չլինի: «Հուսանք, որ նախորդ տարի տեղի ունեցած փոփոխություններն ինչ-որ արդյունք կունենան»,- նշել է Հոկտանյանը:

Ինչպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեպքում էր, որը թեպետ ավելի քիչ լիազորություններով, կանխարգելիչ գործառույթ ուներ, այնպես էլ այս մարմինը, ավելի լայն լիազորություններով, բայց էլի կանխարգելիչ մարմին է՝ իր բոլոր կանխարգելիչ սահմանափակումներով: «Մենք պետք է հույս ունենանք, որ եթե նրանք արդյունավետ գործեն, այդ կանխարգելման շնորհիվ հնարավորություն կլինի ունենալ շատ ավելի քիչ բացահայտումներ, շատ ավելի քիչ աղմկոտ գործեր»,- ասել է Հոկտանյանը:

Սկզբնազբյուրը` lragir.am