Լույս է տեսել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Զեկույցի նպատակն էր արդյունավետ մեխանիզմներ մշակել ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկում իրականացնելու համար:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագծի շրջանակներում ձևավորվել էր մշտադիտարկող խումբ` բաղկացած իրավապաշտպան և լրատվական ՀԿ-ների յոթ ներկայացուցիչներից: Խմբի անդամ էր ԹԻՀԿ իրավաբան Անուշ Հակոբյանը, փորձագետ` ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը:

Մշտադիտարկման արդյունքում խումբը եկել է եզրահանգման, որ գոյություն ունեցող ռազմավարությունում

• ապահովված չէ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների 2014-2016թթ. և 2017-2019թթ. ծրագրերի միջև տրամաբանական փոխկապակցվածությունը. գործողությունները շատ դեպքերում կրում են հատվածային բնույթ,

• հանրության համար հասանելի չեն ՄԻՊ ԳԾ-ի շրջանակներում պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գործողությունների կատարողականների վերաբերյալ ուսումնասիրությունների տվյալները և մոնիթորինգի համար պատասխանատու համակարգող խորհրդի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներն ու վերլուծությունները, ինչի հետևանքով անհասկանալի է դառնում գործողությունների շարունակականության ապահովման տրամաբանությունը,

• հստակ չեն ռազմավարության կատարողականի ցուցանիշները և մոնիթորինգի ու գնահատման մեխանիզմները, ինչը նվազեցնում է արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու հնարավորությունները թե՛ պատասխանատու պետական մարմինների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար,

• պետական մարմինների կողմից ռազմավարությամբ նախանշված գործողությունները նախատեսված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում իրավական որևէ հետևանք սահմանված չէ,

• ռազմավարական փաստաթղթում հաշվի չեն առնվել գործողությունների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերը և նախատեսված չեն մեխանիզմներ դրանց չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ:

Տես զեկույցը` ԹԻՀԿ կայքում