Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում 2020թ. սկզբին հրապարակվելու է հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի գրանցամատյանը։ Այդ կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում խոսում է իրական սեփականատերերի բացահայտման համակարգի կարևորության, դժվարությունների, սահմանափակումների մասին։

Հայաստանն ունի իրական սեփականատերերին բացահայտելու բավականին հավակնոտ ծրագիր այն առումով, որ այն նախատեսում է բացահայտել նաև փոխկապակցված անձանց, քաղաքական ազդեցություն ունեցող, առհասարակ որոշումների վրա ազդող անձանց, միջանկյալ ընկերություններին:

Համակարգի ներդրումը միտված է ոչ միայն հանրային հետաքրքրության խնդիրներ լուծելուն, այլև ֆինանսական վերահսկողության, իրավապահ մարմինների` այդ տվյալների հետ աշխատելու գործունեության կարևորմանը: Նրանք պետք է կարողանան վերլուծել ինֆորմացիան և վեր հանեն հանցավոր կապերը և ապօրինի հարստացման հետ կապված ապացույցները, եթե այդպիսիք կան:

Իրական սեփականատերերի բացահայտման այս գլոբալ նախաձեռնությունն ունի նաև սահմանափակում. չի նախատեսում միջազգային բորսաներում ցուցակված ընկերությունների բացահայտումը, այնպես որ` միջազգային բորսաներում ցուցակված մի շարք կազմակերպությունների, այդ թվում` «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ ոչինչ չենք իմանա: